Խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական մթնոլորտն, անկասկած, Հայաստանի համար որևիցե կերպ շահեկան չես համարի: Ճիշտ է՝ դժվար թե հնարավոր լինի պնդել, թե ներկայիս վիճակը պայմանավորված է բացառապես անցյալում մնացած ընտրություններով, սակայն այն, որ դրանք ևս մեկ ավելորդ անգամ ջրի երես դուրս բերեցին մեր իրականությանը բնորոշ հիմնահենքային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ասենք նույն գաղափարախոսական վակուումն ու քաղաքական համակարգի՝ խոշոր հաշվով միաբևեռությունն է, ուղղակի անվիճելի է:

Այն, թե ինչպիսի վտանգներով կարող է լեցուն լինել քաղաքական դաշտի փաստացի ամայացումն ու այն՝ մեկ կենտրոնից կառավարելի դարձնելը, որևիցե գաղափարախոսության բացակայությունը, կարծում ենք, հատկապես Հայաստանի պարագայում առավել քան տեսանելի է. այդ ամենը հանգեցրել է հասարակության պառակտմանն, ինչն էլ իր հերթին բացառում է երկրի համընդհանուր զարգացումն ու առաջընթացը, քանի որ առաջընթաց կարելի է գրանցել միմիայն հասարակության ակտիվ ջանքերի շնորհիվ. փաստացի մեկուսացված հասարակությունը չի կարող հիմք դառնալ երկրի զարգացման՝ սա դասագրքային պարզ ճշմարտություն է:

Այս ամենն իրականում նշանակում է, որ քանի դեռ քաղաքական դաշտն ապագաղափարայնացված է, քանի դեռ այստեղ եղանակ ստեղծողը փողն է, ու քանի դեռ ամենաբարձր մակարդակով չի կարևորվում գաղափարախոսության՝ հասարակությունը միավորելու կարևորագույն գործոնի դերը, իրավիճակը մնալու է նույնը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով նաև նույն իշխանությունների համար, քանի որ վերջինս այսօր գործնականում հայտնվել է դեմ առ դեմ աղքատ հասարակության հետ, որը պատասխաններ է ակնկալում իր ունեցած բազմաթիվ հարցերի՝ հարցեր, որոնց համոզիչ պատասխաններն իշխանությունները միանձնյա կերպով մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող հնչեցնել. ընդդիմադիր դաշտն այսօր ուղղակի ամայացած է, ինչն էլ իր հերթին բերում է անխուսափելի խնդիրների:

Այս իմաստով պետք է նկատել, որ «Միասնություն» համազգային շարժման նախանշած գաղափարական շեշտադրումներն իրոք որ համապատասխանում են ժամանակակից հրամայականներին. «Միասնությունն», ըստ էության, առաջարկում է նոր սկիզբ ու նոր մոտեցումներ՝ կարևորելով նախևառաջ ազգային գաղափարական միասնությանը հասնելու ձգտումը: Իրականում ոչ ոք չի պնդում, որ երկրում իրական, շոշափելի փոփոխություններ գրանցելը կարող է դյուրին առաջադրանք լինել՝ հասկանալով երկրի առջև ծառացած մարտահրավերների ողջ բարդությունը: Մի կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ խնդիրները լուծելու ճանապարհին առանց հասարակական գիտակցված գաղափարական միասնականության, վերականգնված հավատի ու վստահության հնարավոր չի լինելու սայլը տեղից շարժել: Ինչպես «Միասնության» ղեկավար Արման Վարդանյանն էր իր վերջին հարցազրույցում արդարացիորեն նկատել, Հայաստանում առկա է վստահության լուրջ ճգնաժամ, քաղաքական ուժերի հանդեպ անվստահության խնդիր, իսկ առանց վստահության որևիցե լեգիտիմ պրոցես ի սկզբանե չի կարող ծավալվել:

Այն ներքին ու արտաքին մարտահրավերները, որոնք այսօր հատուկ են մեր իրականությանն ու որոնց առջև գտնվում է երկիրը, անհնար է լինելու հաղթահարել առանց ժողովրդի անմիջական մասնակցության: Այս իմաստով հարկավոր է նաև առանձնապես կարևորել ու ընդգծել ստեղծվող արտախորհրդարանական ընդդիմության դերը, որն էլ հենց դառնալու է ժողովրդի կենսական շահերի գլխավոր արտահայտիչն ու խոսափողը՝ ամենամոտը գտնվելով ժողովրդական ամենալայն զանգվածներին. սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մեկ բան հստակ է՝  խնդիրները հաղթահարելուց առաջ հարկավոր է լինելու նախ ժողովրդին ներգրավել դրանց լուծման գործում, լսել հասարակության կարծիքն ու գործնականում ապացուցել, որ ժողովուրդն է նախևառաջ տերն իր երկրի. միայնակ որևիցե խնդրի լուծան հասնել անհնար է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ