Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկն էլ համապատասխան ներդրումների ապահովումն է տնտեսության իրական սեկտորներում: Հարցն այս՝ այն աստիճան էական է, որ նույնիսկ քաղաքական գործոնի է վերածվել մեզանում: Իհարկե, պատճառները, որոնք թույլ չեն տալիս Հայաստանում իսկական ներդումային բում ապահովել, չափազանց շատ են՝ ունենալով օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր, սակայն այն, որ խնդիրն այս չափազանց սուր է արտահայտված՝ դրանից բխող բոլոր սոցիալ-տնտեսական հետևանքներով հանդերձ, անկասկած է:

Միառժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի էներգետիկ համակարգում պատրաստվում են ներդրումներ կատարել 2 էներգետիկ ընկերություններ՝ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ»-ն ու «Գրեյնջ Փաուեր»-ը. երկուսն էլ ծրագրում էին ՋԷԿ  կառուցել Վանաձոր քաղաքում: Ճիշտ է՝ դեռևս մեռելային լռություն է Վանաձորում այդ առումով, սակայն այստեղ հարցը բոլորովին այլ բանում է՝ ինչո՞ւ է Հայաստանը ներդրումների համար գրավիչ  դիտարկվում բացառապես օֆշորային ընկերությունների համար, և ի՞նչն է այստեղից վանում մաքուր կապիտալը: Թեպետ Հայաստանի ներկայիս վիճակն ամենևին էլ այնպիսին չէ, որ մեզ կարողանայինք թույլ տալ լավ ու վատ անել, սակայն այս հանգամանքը լրջագույն մտորումների տեղիք չի կարող չտալ:

Պատճառն իրականում Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ մթնոլորտն ու միջավայրն  է, ինչը մեր երկիրը գրավիչ է դարձնում բացառապես անմաքուր փողերի համար, որ, պետք է նկատել՝ յուրատեսակ ցուցիչ է՝ երկրի ներսում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին իրական պատկերացում կազմելու համար: Այստեղ հիմնականում փող են ներդնում միայն փողեր լվանալու նպատակով և գրեթե ոչ մի լումա՝ մաքուր բիզնեսով զբաղվելու: Հանգամանք, որը չի կարող մտածելու տեղիք չտալ:

Բնական հարց՝ տեսնես խոստացված 3 մլրդն է՞լ է օֆշորային ծագման լինելու…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ