ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օգոստոսի 28-ին հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, ով Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել հոկտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: