ԵԱՀԿ Երևանի գրասենյակն այսօր դադարեցնում է իր գործունեությունը: Ըստ ԵԱՀԿ կանոնակարգի՝ գրասենյակի գործունեության ժամկետը 12 ամիսը մեկ երկարաձգվում է: 1999-ից Երևանում գործող գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում վերապահումներ ուներ Ադրբեջանը: Իսկ քանի որ ԵԱՀԿ-ն կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպություն է, դրանց հետ հաշվի չնստել չի կարող: Երևանյան գրասենյակի փակումը ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա՝ քաղաքական առումով ազդեցություն ունենալ չի կարող: Այս հարցում Երևանը և Բաքուն գտնվում են բացարձակապես հակադիր հարթություններում: Եթե Բաքուն ինքն է նախաձեռնել իր մոտ ԵԱՀԿ գրասենյակի փակումը, ապա Երևանի պարագայում՝ հնարավոր փակումը չի պայմանավորվում հայաստանյան իշխանությունների դիրքորոշումներով:

Իրականում սա շատ ավելի խորքային երկու խնդիր է ընդգծում: Առաջինը՝ Բաքուն փաստացի ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը և Ադրբեջանը հայտնվեն նույն մակադրակի վրա. եթե Ադրբեջանում չկա ԵԱՀԿ գրասենյակ, ապա չպետք է լինի նաև Երևանում: Հարցը զուտ պարզունակ չկամության մեջ չէ, այլ երկրի սուլթանականացման ֆոնին միջազգային հանրության մոտ Հայաստանի նկատմամբ հնարավոր դրական տրամադրվածության ձևավորման հեռանկարը և հետևանքները չեզոքացնելու: Բաքվում շատ լավ հասկանում են, թե ինչպես կարող է այդ տարբերությունը հատկապես ԼՂ հիմնահարցի համատեքստում աշխատել իրենց դեմ: Իսկ որ դա աշխատող մեխանիզմ է, գործնականում դրսևորվում է Արցախի Հանրապետության փաստացի գոյության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի ակնհայտ փոփոխությամբ. ոչ թե նույնիսկ Հայաստանը, այլ Արցախն է Ադրբեջանի հետ ժողովրդավարության մակարդակի առումով համեմատության մեջ դրվում՝ միջազգային հանրության ընկալումներում աստիճանաբար անպատկերացնելի դարձնելով Արցախի որևէ ենթակայություն Ադրբեջանից:

Ստելլա Խաչատրյան