Միջազգային բանկային վճարահաշվարկային SWIFT համակարգը դադարեցրել է ռուսական երկու խոշոր՝  Российский национальный коммерческий банк-ի և Темпбанк-ի հետ համագործակցությունը:  Ռուսական մամուլը մեկնաբանում է, որ SWIFT-ն այդ քայլին գնացել է ՌԴ նկատմամբ օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների շրջանակներում: Ռուսաստանյան այդ բանկերը կարող են շրջանցել պատժամիջոցները, այլ բանկերի միջոցով իրենց միջազգային գործարքներն իրականացնել, բայց դա բավականին թանկ հաճույք կլինի նրանց համար: Նաև չի բացառվում, որ SWIFT-ն իր պատժամիջոցներն աստիճանաբար տարածի ՌԴ այլ բանկերի նկատմամբ՝ հատկապես պետական մի քանի բանկերի նկատմամբ, որոնք տիրապետում են այդ երկրի բանկային ակտիվների 70-80 տոկոսին: Նման բանկերից է, օրինակ, ВТБ-ն, որը ներկայացված է նաև Հայաստանում:

ՌԴ ողջ բանկային համակարգի նկատմամբ նման պատժամիջոց սահմանելը շատ լուրջ հարված կլինի ոչ միայն այդ երկրի տնտեսության, ոչ միայն ԱՊՀ երկրների համար, այլև եվրոպական մի շարք երկրների համար, որոնք ՌԴ-ի հետ ունեն տնտեսական հարաբերություններ: Եթե հանկարծ ՌԴ-ի համար Հայաստանը դառնա դրանք շրջանցելու միջանցք՝ ԱՄՆ-ի արձագանքը չի ուշանա: Հայկական գործընկեր բանկերը նույնպես կհայտնվեն սև ցուցակներում: Իսկ դա կնշանակի այդ հաստատությունների ուղղակի փոշիացում: Ռուսաստանը Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է: Ներկայացնենք մի քանի վիճակագրական տվյալներ. դեպի Հայաստան Ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային բնույթի փոխանցումների` մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալը, օրինակ՝ 2013 թվականին կազմել է մեկ միլիարդ 869 միլիոն դոլար: Դրանից մեկ միլիարդ 606 միլիոնը, կամ՝ 85 տոկոսը եկել է ՌԴ-ից: Եւ սա՝ միայն բանկային համակարգով: Ըստ որոշ գնահատականների, կանխիկ հոսքի հետ միասին՝ ամեն տարի Ռուսաստանից Հայաստան գալիս է մինչեւ 3 միլիարդ դոլար, ինչն ավելին է, քան մեր տարեկան պետբյուջեի ծախսային մասը: ՌԴ-ի դեմ հայտարարված պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, բացասական զգալի ազդեցություն կունենան նաեւ ՀՀ-ի վրա: Հարցը միայն այն է, թե ե՞րբ մենք կզգանք դրանք եւ ի՞նչ խորությամբ:

 

Ստելլա Խաչատրյան