«Ազգային համաձայնության» համակարգ Հայաստանում նոր է ձևավորվում: Դա Սերժ Սարգսյանի՝ այսպես կոչված, նոր քաղաքական հայտն է, գաղափարախոսությունը: Սարգսյանի համակարգը բավականին ճկուն և նվազ գաղափարայնացված է և, ըստ էության, ոչ թե աշխարհին հակադրվող կոնտր համակարգ է, այլ մի գործիք, որը պետք է մի քանի նախագծերով, օրինակ՝ «Ազգ-բանակ»՝ լեգիտիմություն հաղորդի Սերժ Սարգսյանի նոր իշխանությանը: Ընդ որում՝ Սարգսյանն ակնհայտորեն օգտվում է հայաստանյան քաղաքական դաշտում իրական ընդդիմության բացակայությունից:
 
Ինչ խոսք, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան հազիվ թե հնարավոր լինի անցկացնել «Ազգային համաձայնության» տեղ: Սերժ Սարգսյանն այս պահին խնդիր ունի ցույց տալու, որ այդ ազգային համաձայնության կառավարությունը բնավ էլ միայն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն, այլ այն իր մեջ կարող է ներառել քաղաքական ուժերի շատ ավելի լայն սպեկտր: Նախագահը ձգտում է ապացուցել, որ իր վերահսկողության տակ կարող է պահել նաև ընդդիմությանը:
 
Այդ նպատակով նախագահը «Ազգային համաձայնության» կառավարության մեջ ամեն կերպ փորձելու է ներառել Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքը: Օրինակ՝ փոխվարչապետներից մեկի պաշտոնը 2018-ից հետո կարող է վստահվել հենց այս ուժին: Սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս քաղաքական ամբիցիաների բախման խնդիրը՝ Գագիկ Ծառուկյանը դժվար թե համակերպվի երկրորդ ջութակի դերի հետ և նախագահի այս ծրագիրը՝ առնվազն «Ծառուկյան» դաշինքի մասով՝ դժվար կլինի իրագործել: Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժը՝ ԵԼՔ-ը նույնպես չի տեղավորվում նախագահի «Ազգային համաձայնության» կառավարություն կոչվող պրոյեկտում, թեկուզ միայն այն պատճառով, որ արտաքին քաղաքական հարցերում խոր տարաձայնություններ ունեն, ամեն դեպքում՝ դաշինքի կուսակցություններից «Հանրապետություն»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը դեմ են Եվրասիական տնտեսական միությանը և հակված են եվրաինտեգրմանը, իսկ ներքաղաքական խմորումներում ԵԼՔ-ը զբաղված է վարչապետ Կարեն Կարապետյանին սիրաշահելով՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթացում գլխավոր խաղադրույքը կատարելով հենց վերջինիս վրա:
 
Ստացվում է, որ խորհրդարանում առկա ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառներով չեն տեղավորվում Սարգսյանի «Ազգային համաձայնության» կառավարության պրոյեկտում: Ներքաղաքական ընթացիկ իրավիճակը կարելի է թերեւս բնորոշել «որոշակի անորոշություն» բառակապակցությամբ: Ընդդիմադիր դաշտը Հայաստանում, փաստորեն, անկարող է առայժմ որևէ մրցունակ մոդել հակադրել այն մոդելին, որ արդեն տասնամյակ է, ինչ հանրությանը պարտադրում է իշխող համակարգը: Հենց այստեղ է, որ կարող է ի հայտ գալ արտախորհրդարանական ընդդիմության պահանջը, որը, ի դեպ՝ արդեն իսկ ձևավորված է հանրության լայն շերտերի կողմից: Հետևաբար, «Ազգային համաձայնության» կառավարությանը իրապես ազգային դիմագիծ հաղորդելու համար, Սերժ Սարգսյանը կամա թե ակամա՝ ստիպված կլինի համագործակցել հենց այդ ուժերի հետ: ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ 2018-ից հետո շարունակվելու է կոալիցիոն կառավարության գործունեությունը: Ձևաչափը կպահպանվի, սակայն հարց է՝ արդյոք ՀՀԿ կպահպանի՞ կոալիցիայի ներկայիս կազմը, հաշվի առնելով հենց «Ազգային համաձայնության»՝ կառավարության տեսլականը: Չի կարելի բացառել, որ հենց արտախորհրդարանական ուժերը, եթե վերջիններս իհարկե ձևավորվեն, հետագայում մաս կկազմեն նոր կոալիցիոն «Ազգային համաձայնության» կառավարությանը, դրանով իսկ լեգիտիմություն հաղորդելով վերջինիս: Այսպես թե այնպես՝ կառավարման նոր համակարգում Սերժ Սարգսյանն իր անձնական ազդեցությունը կարող է պահել իշխանության ապակենտրոնացման և ուժի տարբեր կենտրոններ ձևավորելու ճանապարհով: Այդ բարդ համակարգում նա կատարելու է կայունության երաշխավորի և արբիտրի անփոխարինելի դերը:
 
Ստելլա Խաչատրյան