Իշխանությունները շարունակում են որսը, հերթը հասավ Վերնիսաժի առևտրականներին։ Այսօր առավոտյան ոստիկանները Վերնսիսաժի հարևանությամբ աշխատելու հնարավորությունից զրկեցին 100 աշխատողի։ Ֆիրդուսցիների դեպքը հեշտությամբ մարսած, քաղաքապետարանը նույն ճակատագրին արժանացրեց այս անմեղ առևտրով զբաղվող մարդկանց նույնպես։ 

Եթե մենք խնդիրը դիտարկենք միմիայն գործող իշխանության անկախ կամայականության տեսանկյունից, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի, բացի փուչ քննադատություններից։ Այստեղ քաղաքական  համակարգում  արդեն արմատացած արհամարհական մշակույթի փոփոխման խնդիր ունենք։ Այս մշակույթի կրողները ոչ միայն քաղաքային իշխանություններն  են այլ  բոլոր քաղաքական ուժերը, մասնավորապես ԱԺ-ում և քաղաքապետարանում։ Որպեսզի վերոնշյալը փաստելու համար հեռու չգնանք՝ հիշենք ֆիրդուսի դեպքը․ ի՞նչ ընդհնուր բան կա այս երկու դեպքերի միջև բացի որոշումը կայացնող իշխանական սյուբեկտից և բուն էությունից։ Երկու դեպքն էլ արժանացել են ընդդիմադիր ուժերի բացահայտ անտարբերությանը։ Այս գործին  ընթացք տալու և իրենց  զորակցությունը հայտնելու համար  արժանապատվությունը վիրավորված քաղաքացիներին, մեր ընդդիմադիրներից ամենևին էլ  չէր պահանջվում բախումների կամ հասարակական անկայունության հրահրում, ընդհամենը պետք էր Տարոն Մարգարյանին և իր գործընկերներին հիշեցնել  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածն ամբողջությամբ և վերջ, որը պաշտպանում է աշխատանքային իրավունքները՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով։

Կարճամտություն կլինի կարծել, թե մեր ընդդիմադիրները չգիտեն նման պարագաներում ժողովրդի շահը առաջ տանելու միջոցների մասին, սակայն բանն այն է, որ նրանք քաջ գիտակցելով խնդրի խորությունը  երկու դեպքում էլ  զերծ մնացին կտրուկ գործողություններից։ Տեսնում ենք, որ անգամ ավագանու մակարդակով ներկայիս ընդդիմությունը չի կարողանում հանրային շահը պաշտպանել։ Այն էլ երբ այդ հանրությունը ոսկյա սարեր չի պահանջում, այլ սեփական հողի վրա աշխատելու հնարավորություն։  Նրանց զրկելով իրենց արդար սոցիալական պահանջը բավարարելու ցանկությունից, իշխանություններն ամեն ինչ անում են, որ երկրում հեղափոխություն լինի: Իշխանությունների նման ինքնավստահությունը գալիս է մեր հասարակության հարմարվողականությունից, իհարկե դա գովելի է մի պետության համար, ում գլխին է կախված պատերազմի սպառնալիքը, սակայն համբերությունը չափ ունի, և չի կարելի բացառել, որ այն մի օր կսպառվի, և  Հայաստանը կկանգնի լուրջ խնդրի առաջ՝ պատերազմելով, թե՛ ներսում, թե՛ դրսում։ 

Վաչիկ Գրիգորյան