2018 թվականի ապրիլը սարերի հետևում չէ, և առաջիկա մի քանի ամիսներին հայ հասարակությունը ականատես է լինելու ներքաղաքական թաքնված խայթոցների: Այն, ինչ այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, կարելի է դիտարկել հենց այդ համատեքստում:

  

Լրագրողները հանրապետական պատգամավորին հարցրել են, թե ո՞վ կարող է լինել ՀՀ ապագա վարչապետը, որին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանն ասել է. «Է՛, ես էլ կարող եմ լինել վարչապետի թեկնածու, բոլորն էլ կարող են լինել»:

 

Առաջին հայացքից, Հակոբյանը փորձել է իբր թե շեղել լրագրողների ուշադրությունը և փոխել թեման, սակայն դա միայն առաջին հայացքից: Հակոբ Հակոբյանը տարիներ շարունակ ՀՀԿ-ում կատարել է կարևոր ֆունկցիա, ծառայել է գործող համակարգին և ներկա հիերարխիկ համակարգում ունի իր հստակ դիրքն ու տեղը: Եթե քաղաքական ներկա համակարգին նայենք շախմատային տախտակի վրա, Հակոբյանը գրագետ զինվոր է՝ «պեչկա», որին ինչպես տանեն, այնպես կգնա և կպաշտպանի իր թագավորին, թագուհուն և նրանց համակարգված դիրքերը:

 

Հիմա, ՀՀԿ-ի «զինվորը» հայտ է ներկայացնում դառնալու վարչապետ, այսինքն՝ երկրի ղեկավար: Բայց սա միայն խոսք է, որով գործող համակարգը Կարեն Կարապետյանին հասկացնում է, որ ինքն այդքան էլ անփոխարինելի չէ, և որ իրենց համակարգի շարքային զինվորն անգամ կարող է դառնալ վարչապետ:

 

Հակոբ Հակոբյանի «ռիսկը բողկ չէր», որ կարողանար ինքնուրույն նման հայտրարություն անել: Ի վերջո՝ այս հայտարարության հեղինակը «Բառադի Համոն» չէ, այլ՝ «Թունելի Հակոբը», որը միշտ իր հայտարարություններում աչքի է ընկել ընդգծված զգուշ և չափավոր խոսքով:

 

Հակոբ Հակոբյանի այսօրվա հայտարարությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու: Առաջիկայում գործող իշխանությունը դեռ շատ զինվորների միջոցով շախ կհայտարարի, դեռ շատ մեսիջներ կուղարկի կառավարության կաբինետի ղեկավարին: Չմոռանանք, որ Ազգային ժողովում Կարեն Կարապետյանը ոչ մի աջակից չունի (Շուշան Սարդարյանին չենք հաշվում, որովհետև որտեղ Կարեն Կարապետյանը, այնտեղ՝ Շուշան Սարդարյանը):

 

Հակոբ Հակոբյանը մի ուրիշ խոսք էլ է ասել: Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե վերջինս ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը, Հակոբյանն ասել է. «Վարչապետի գնահատականը պետք է նայենք ցուցանիշներով. եթե ցուցանիշները լավն են, ուրեմն վարչապետը լավ է աշխատել, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»: Հակոբ Հակոբյանը մյուսների նման չի գովերգել Վարչապետին, մյուսների նման չի ասել, որ դեռ ապագայում կերևա ինչպիսի վարչապետ է Կարապետյանը: Մարդը հստակ ասել է՝ պետք է ցուցանիշներին նայել: Իսկ ցուցանիշներն այս պահին անմխիթար են, և եթե որոշում կայացվի, որ Սերժ Սարգսյանն է մնալու վարչապետ, ցուցանիշները կլինեն խայտառակ, իսկ եթե Կարեն Կարապետյանը մնալու լինի, ցուցանիշները մեկ գիշերում կլինեն գերազանց:

 

Ազգային ժողովից հնչած այս հայտարարությունները քաղաքական ակնարկ են գործադիրի ղեկավարին: Միամտություն կլինի սպասել Կարեն Կարապետյանի պատասխանը, որովհետև ՀՀԿ-ում գործի կանցնի քաղաքական ծանր հրետանին: Այս պահին Կարեն Կարապետյանը, որպես քաղաքական գործիչ, միայնակ պայքարել չի կարող: 

 

 

Արսեն Սանամյան