Կառավարությունը ԱԺ է ներկայացրել  Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված և արդեն հանրությանը հայտնի համաձայնագիրը, որը ոչ ավել, ոչ պակաս՝ հիմք է ստեղծում Հայաստանի Զինված ուժերի և սպառազինության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության համար: Խոսքը «2016թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրի» մասին է: Այս պայմանագիրն արդեն իսկ լուրջ մտահոգության առիթ է դարձել. փորձագետների կարծիքով՝ սա ՌԴ հերթական քայլն է՝ միտված հայկական զինված ուժերը անկախությունից և ազատ գործելու հնարավորությունից զրկելուն: Որովհետեւ ակնհայտ է՝ այս պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է վերահսկող խմբին ուղարկել՝ ծանոթանալու, թե որտե՞ղ է գտնվում տվյալ սպառազինությունը, ի՞նչ նպատակներով է օգտագործվելու: Դրանով իսկ ռուսական կողմը մեզ հասկացնում է, որ եթե այդքան էժան է զենք տալիս, ուրեմն միայն իր ուզած ուղղությամբ պետք է կրակել: Մինչ օրս ՊՆ-ից հնչած կցկտուր մեկնաբանություններից այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք զենք մատակարարողը, այս դեպքում՝ ՌԴ-ն, իրավունք ունի՞ հսկողություն իրականացնող խմբի ստուգումներից հետո եզրակացություն տալ՝ տվյալ զինտեխնիկան ռազմական որոշակի գործողության դեպքում պե՞տք էր օգտագործվեր, թե՞ ոչ:

Համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է. «Այն Կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաեւ դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։» Սա ենթադրում է, որ եթե, աստված մի արասցե, Հայաստանը ստիպված լինի գործի դնել ՌԴ-ից գնված զենքը, ապա նախևառաջ պետք է ռուսական կողմին համակողմանի փաստարկներ տրամադրի: Այսինքն՝ ռուսական կողմն է որոշելու՝ արդյո՞ք նպատակահարմար է այդ զենքով պաշտպանել, ասենք, Տավուշի սահմանամերձ բնակչությանը, թե՞ նրանք պետք է մատնվեն բախտի քմահաճույքին: Իսկ նրանց համար, ովքեր պնդում են, որ մեր ռազմաքաղաքական դաշնակիցը նման քայլի չի գնա, հիշեցնենք՝ այդ նույն ռազմաքաղաքական դաշնակիցն էր, որ ապրիլյան պատերազմի ամենաթեժ պահին կտրուկ արգելեց Հայաստանին C300 համալիրը հասցնել Արցախ:

Այս պայմանագրի վավերացմամբ Հայաստանն ինքն իրեն կդնի անելանելի վիճակի մեջ: Անելանելի՝ քանի որ մենք զենք ենք գնում հիմնականում ՌԴ-ից, չմտածելով այլ շուկաների մասին: Արդյունքում՝ մեզ պետք է թելադրեն, թե մենք ինչպես, երբ և ում դեմ դրանք կարող ենք կիրառել: Այս պարագայում ավելորդ է խոսել Իսկանդերների առկայության մասին, քանի որ նույն հաջողությամբ Հայաստան կարող էին ուղարկել նաև համակարգի մակետը: Եվ արդյո՞ք նման պայմանագրի վավերացումից հետո Սերժ Սարգսյանը նույն վստահությամբ կկարողանա հայտարարել, որ հարկ եղած պահին վայրկյան անգամ չի մտածի Իսկանդերի կոճակը սեղմելուց առաջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2008 թվականի իրադարձությունների օրերին բառացիորեն հայտարարել է հետևյալը՝ եթե մեր տան մեջ մեզ սպանում են, մենք դիտորդի կարգավիճակում չենք մնա: Կկարողանա՞ն արդյոք այս նույն մեսիջը Հայաստանի իշխանությունները ուղղել Մոսկվային, թե՞ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ–ից՝ Հայ-ռուսական միացյակ զորախմբից հետո էլ սա կդառնա երրորդ և վերջին կապիտուլյացիան…

Ստելլա Խաչատրյան