Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ այս պահին չի քննարկվում Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությունը, դեռ չի դիմել նման ցանկությամբ. «Դեռ չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ որ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է: Նույնիսկ ԵՏՄ-ում դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, որը ասում է՝ չի կարող նույնիսկ դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի: Այս տեսակետից, նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց՝ անդամակցության»,-ասաց ԱԳՆ պաշտոնյան՝ նշելով, որ ԵԱՀԿ համանախագահող երկրներն անում են հնարավորը՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, եթե Ադրբեջանն այդպես էլ կառուցողական դաշտ չվերադառնա, ո՞րն է լինելու միջազգային հանրության անելիքը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով հասցեական են դառնում. միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով՝ Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում: Ճնշման տակ կհայտնվի և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում և եվրոպական կառույցներում այլասերությունների համար»,-ընդգծեց Քոչարյանը՝ շեշտելով, որ ինչպես եվրոպայի խորհրդի կոռուպցիոն սկանդալը պայթեց և երկար չտևեց, նույնը կլինի նաև Արցախի հարցում:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանն այս տեմպով երկար չի կարող շարունակել, քանի որ գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ: Վերջիններիս թիվ մեկ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում, բայց եթե նրանք միջնորդ են և դրանով հանդերձ լինելու են ռազմական գործողություններ, ապա դա ապտակ է ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամներին: «Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ինչ-որ կերպ փորձում է ազատվել այդ ֆորմատից, ինչը նրան չի հաջողվի»,-ասաց  Շավարշ Քոչարյանը: