ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ պաղեստինյան կառավարությունը պետք Է միանշանակ հայտարարի Իսրայելի ճանաչման եւ բռնությունից հրաժարվելու մասին: Այս հայտարարությամբ հոկտեմբերի 19-ին հանդես Է եկել միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Միացյալ Նահանգները վերստին հայտարարում Է «քառյակի» (միջազգային միջնորդների քառյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ եւ ԵՄ կազմով) սկզբունքների հանձնառության պահպանման կարեւորության մասին. պաղեստինյան ցանկացած կառավարություն պետք Է միանշանակ ու բացահայտորեն հայտարարի բռնությունից հրաժարվելու մասին, ճանաչի Իսրայել Պետությունը եւ ընդունի կողմերի միջեւ նախորդ համաձայնագրերն ու պարտավորությունները, ներառյալ ահաբեկիչների զինաթափումը, եւ հավաստի խաղաղ բանակցությունների հանձնառությունը»,-ասված Է Գրինբլաթի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 19-ին հրապարակված Է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանության կայքում:

 

Թրամփի հատուկ ներկայացուցիչը հավելել Է, որ «եթե ՀԱՄԱՍ-ը ինչ-որ դերակատարություն ունենա պաղեստինյան կառավարությունում, շարժումը պետք Է ընդունի այս հիմնական պահանջները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: