Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» ՀԿ-ի նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալայի բերման ենթարկվելը մտահոգում է հայ գործիչներին:  Հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող Րաֆֆի Արաքս Հերմոնը նշեց, որ Օսման Քավալան մեծ գործիչ է ու միշտ աչքի է ընկել իր մարդասիրական աշխատանքով:

«Օսման Քավալան բավական ազդեցիկ գործիչ է: Նա մեծացել է Ֆրանսիայում, հետագայում եկել Թուրքիա և իր ձեռքը վերցրել հոր բիզնեսը: Ամբողջությամբ փոխելով բիզնեսի ուղղությունը` սկսել է թե ֆինանսապես, թե բարոյապես աջակցել Թուրքիայում ապրող տարբեր ազգերին, տարբեր հարցերում նրանց կողքին կանգնել, նպաստել մշակույթի զարգացմանը»,-ասաց  Րաֆֆի Արաքս Հերմոնը:

Րաֆֆի Արաքս Հերմոնի խոսքով՝ 1915-ին կորսված արժեքները, գուցե փշրանքի ձևով ու փոքր շրջանակում, բայց գոյություն ունեն: Ըստ նրա` այս վերջին դեպքով, Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում:

Րաֆֆի Արաքս Հերմոնը նաև նկատեց, որ չի բացառվում այս բերման ենթարկելը կապված լինի Քավալայի եվրոպամետ հայացքների հետ: Նրան բերման ենթարկելով՝ թուրքական իշխանությունները փորձում են հասկացնել, որ իրենց համար Եվրոպան առաջնային չէ: Նա տեղեկացրեց, որ եվրոպացի պատգամավորներն արդեն արձագանքել են այս դեպքին:

 «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, դատապարտելով այս դեպքը, հույս հայտնեց, որ արդարությունը կվերականգնվի, և Օսման Քավալայի դեմ կատարված այս արարքը պատճառ չի դառնա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում Թուրքիայի քաղաքացիների հետ արդարության հիմքի վրա աստիճանաբար ձևավորվող մշակութային երկխոսության ծիլերի քայքայմանը:

«Վերադարձ» հիմնադրամի գործընկեր, մի շարք մշակութային ձեռնարկների համախոհ, ճշմարիտ մտավորական Օսման Քավալան ոչ միայն հայերի և անիրավության մատնված ժողովուրդների բարեկամն է, այլև Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը»,-ասաց Արագած Ախոյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ուներ Օսման Քավալայի հետ միացյալ ուժերով աշխատելու այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը և զարգացմանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի դեմ բացասական տրամադրված բոլոր շրջանակները Օսման Քավալայի գործունեության շնորհիվ սկսել էին տեսնել Թուրքիայի ժողովրդի, Անատոլիայի բոլոր այն լավ կողմերը, որոնք մոռացության էին մատնվել 1915 թվականից ի վեր: