Դեռահասների 65 տոկոսն օրվա մեջ մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք, իսկ 30 տոկոսը' քաղցր գազավորված ըմպելիք: Այս մասին վկայում են «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան նշեց, որ դեռահասների սննդակարգում բանջարեղենի օգտագործման տոկոսը ցածր է, կազմում է 25-30 տոկոս:

«Այստեղ մեծ դեր պետք է ունենա ընտանիքը: Մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում փոքր տարիքի երեխաներն արդեն սովոր են քաղցր գազավորված ըմպելիքի օգտագործմանը: Գոյություն ունի սննդի 5 խումբ, որից 4-ը պետք է ամեն օր օգտագործել' ձավարեղեն, կաթնամթերք, մսամթերք, միրգ-բանջարեղեն: 5-րդ խմբում մտնում է քաղցրավենիքը, որը պետք է օգտագործել չափավոր ու ոչ ամեն օր»,-ասաց նա' ավելացնելով, որ այսօր շատ ծնողներ երեխային քաղցրեղեն են խոստանում ինչ-որ բան անելու դիմաց:

Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Հանրային առողջության ծրագրերի համակարգող, «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Եվա Մովսեսյանի խոսքով, սխալ, ոչ ռացիոնալ սննդակարգը կարող է նպաստել մեծահասակ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը:

«Դրանք բազմաթիվ են'շաքարային դիաբետ, ավելցուկային քաշ, ճարպակալում: Պետք է հասկանալ, որ ավելցուկային քաշը, ճարպակալումը պարզապես կիլոգրամի ավելացում կամ էսթետիկ փոփոխություն չէ: Դա իրականում լուրջ խնդիր է, հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման: Բացի դրանից, ապացուցված է, որ սխալ սննդակարգը և ցածր ֆիզիկական ակտիվությունը նպաստում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացմանը»,-ասաց Եվա Մովսեսյանը' նշելով, որ ճարպակալումը նաև շատ դեռահասների մոտ հոգեբանական խնդիր է առաջացնում:

Ուսումնասիրությունների համաձայն' դեռահաս տղաների շրջանում ավելցուկային քաշ ունի 14 տոկոսը, իսկ աղջիկների մոտ' 5 տոկոսը: Մասնագետները նշում են, որ աղջիկների շրջանում մեկ այլ խնդիր կա, շատերը կարծում են, որ իրենք ունեն ավելցուկային քաշ, այնինչ, դա այդպես չէ, և նրանք սկսում են դիետաներ պահել, փորձել նիհարել, ինչը դեռահաս շրջանում անթույլատրելի է:

Մասնագետների խոսքով, սխալ սննդակարգը կարող է օստեոպորոզ հիվանդության պատճառ դառնալ: Երբ քիչ է օգտագործվում կալցիումով, D վիտամինով հարուստ սնունդը, դրան գումարվում է ցածր ֆիզիկական ակտիվություն, արդյունքում, երեխան հայտնվում է ռիսկի գոտում:

Մարինա Մելքումովան ևս մեկ խնդրի մասին բարձրաձայնեց: Երեխաների 50 տոկոսը չի նախաճաշում: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի երկրների շարքում հետին դիրքերում է: Հարցումները ցույց են տալիս, որ առաջին իսկ դասամիջոցին երեխաները շտապում են բուֆետ, իսկ այնտեղ առողջ սնունդը քիչ է, քանի որ շատ դեպքերում դրանց պահպանման համար պայմաններ չկան:

Երեխաների շրջանում բավական ցածր է ֆիզիկական ակտիվության ցուցանիշը: Սպորտով զբաղվողները քիչ են, ֆիզկուլտուրայի դասերին էլ չեն սիրում այցելել: Հարցումները ցույց են տալիս, որ դեռահասների 75 տոկոսը հեռուստացույցի առջև անցկացնում է օրվա մեջ 2 ժամից ավելի: Ստացվում է մի պատկեր, երբ երեխան մի քանի ժամ դպրոցում անցկացնելուց հետո, գալիս է տուն, կրկին նստակյաց է, լրացուցիչ պարապում է, երկար ժամանակ է անցկացնում համակարգչի, հեռուստացույցի առջև: Արդյունքում՝ հայտնվում են ռիսկի գոտում: