Իրողությունը, որ վերջին տարիներին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը միայն վատթարացման միտումներ է դրսևորում, ու այն ցավալի փաստը, որ այդ հանգամանքը կառավարությանն ամենևին էլ չի հետարքրքում, ապացուցում են, որ բոլոր հույսերը, թե ինչ-որ պահից սկսած՝ կառավարությունը կսկսի նաև ուշադրություն դարձնել բնակչության համար օրհասական դարձած խնդիրներին, Հայաստանի բյուջեն կսկսի կրել մի փոքր ավելի սոցիալական բնույթ՝ գեղեցիկ, բայց անիրական երազանքից ոչնչով չեն տարբերվում. ավելի ապասոցիալական բյուջե, քան 2018-ի բյուջեն է լինելու, դժվար է պատկերացնել:

ՀՀ  ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, ով, ինչպես հայտնի է, երկրի ֆինանսներին վերաբերող հարցերում թիվ մեկ պատախանատուն է, ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել ու «հիմնավորել» 2018-ի բյուջեի տրամաբանությունը: Պարզվում է` միակ պատճառը կամ առկա դրդապատճառներից գլխավորը, որն ընկած է այս ապասոցիալական քաղաքականության հիմքում, կառավարության բուռն ցանկությունն է` բնակչության մեջ ավելիին ձգտելու ցանկությունը գրգռելու. ըստ Արամյանի` նպատական է՝ պայքարել մարդկանց հոգիներում բույն դրած արատավոր ծուլության դեմ:

Ինչ խոսք` Արամյանի մտքի այս թռիչքն ավելին է, քան ուղղակի «կրուտիտ» լինելու սովորական բնազդից բխած խոսքեր, արատահայտված միտք, որը, սակայն, որևիցե քննադատության չի դիմանում: Փաստ է, որ չի կարող լինել առաջընթաց՝ առանց աշխատասիրության, առանց ձգտումների. սա պարզ է: Հարցը, սակայն, այն է, թե որքանով է արդարացված Արամյանի փաստարկն այն պարագայում, երբ պետությունը որևիցե կերպ չի նպաստում ժրաջան քաղաքացիների ինքնառեալիզացմանը: Եթե միայն աշխատատեղեր են կրճատվում, եթե ՓՄՁ-ների թիվը մի քանի տարվա կտրվածքով մի քանի անգամ նվազել է, եթե աշխատատեղ գտնելը հասարակ մարդու համար դարձել է անհասանելի երազանք, ինչպե՞ս պետք է ծուլությանը «ոչ» ասող քաղաքացիները, որոնց թիվը Հայաստանում մոտ 3 միլիոնի է հասնում (հայերս աշխատասեր ժողվուրդ ենք` ինչ խոսք), կարողանան ապացուցել իրենց աշխատասիրությունն ու Վարդան Արամյանին գոհացնեն:Ոմանց հավանաբար թվում է` ՀՀ-ն Նորվեգիան է, ու այստեղ նպաստներն ու թոշակներն այնքան բարձր են, որ կյանքի լիությունից երես առած մարդիկ պարզապես ալարում են աշխատել: Ի՞նչ է, Արամյանը չգիտի՞, որ այսօր 1 աշխատատեղին 1000 աշխատող է բաժին ընկնում…

Ցավոք, նախարարի մտքերի տրամաբանությունը բնորոշ է ոչ միայն անձամբ իրեն, այլև իշխանություններին` առհասարակ, ինչի արդյունքում էլ ունենք այնպիսի Հայաստան, ինչպիսին ունենք, երկիր, որտեղից մարդիկ ձգտում են ժամ առաջ փախչել, այլ ոչ թե մնալ ու ոմանց ինչ-որ բաներ ապացուցել. միանգամայն բնական վարքագիծ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ