Ռուսական НТВ հեռուսատալիքով հեռարձակվող «Հանդիպման վայրը» հաղորդման՝ նոյեմբերի 28-ի եթերը նվիրված էր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Հաղորդման ընթացքում և՛ հաղորդավարների, և՛ փորձագետների կողմից կարմիր թելով զուգահեռներ էր տարվում Հայաստան-ՌԴ համագործակցության և ՀՀ-ԵՄ համաձայնագրի միջև, իսկ հաղորդման բանախոսները Հայաստանի վարած քաղաքականությունը նմանեցնում էին ամուսնուն դավաճանող կնոջ հետ: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ եթե ռուսական НТВ հեռուսատալիքով հեռարձակվող հաղորդման ընթացքում Հայաստանը համեմատում են ամուսնուն դավաճանող անհավատարիմ կնոջ հետ, ապա մեղադրող կողմը հստակ պետք է գիտակցի մի կարևոր հանգամանք«Եթե Ռուսաստանը Հայաստանը ամուսնուն դավաճանող կին է դիտարկում, ապա պետք է քաջ գիտակցի մի բան՝ դա նրանից է, որ այդ կնոջ ամուսինը հարբեցող է և թմրամոլ, իսկ այդ պարագայում կինն ազատ ընտրելու իրավունք է ունենում»:

Լևոն Շիրինայնն անընդունելի է համարում ռուսական հերթական հակահայկական հաղորդումից հետո անգամ հայ իշխանավորների քծնող վարքագիծը. «ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշտյանն այսքանից հետո հայտարարում է՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին հարցը ՀՀ քաղաքական օրակարգում չի հայտնվի: Եվ սա այն պարագայում, երբ քեզ համեմատում են դավաճան կնոջ հետ: Նման հայտարարությունը բխում է ոչ թե պետության, այլ իշխանության շահերից: Նման հայտարարությունը Հայաստանին զրկում է արտաքին քաղաքականության մեջ ազատ մանևրելու  հնարավորությունից: Գիտեք՝ եթե նման հայտարարություն անեին Ֆրանսիայում, Գերմանիայում, հաջորդ օրն այդ պաշտոնյային շատ արագ պաշտոնանկ կանեին»,-ընդգծում է քաղաքագետը:

Լևոն Շիրինյանն օտարի հանդեպ սեր տածող հայ պաշտոնյաներին հիշեցնում է՝ հայերը մշակույթով և քաղաքակրթությունով Եվրոպա ստեղծած ժողովուրդ ենք, ուստի՝ ընդամենը «արմյաշկա» պետք չէ լինել: 

«Հայերն են, որ Ռուսաստանին սահմանադրական կարգի մասին պատկերացումն են՝ հանձին Լորիս Մելիքովի, այդ հայերն են, որ ֆաշիզմի դեմ պայքարում հանուն Ռուսաստանի պաշտպանության՝ տվել են 300 հազարից ավել հայորդիների կյանք, որոնց ժառանգները ՌԴ-ի իրավատերերն են, Ռուսաստանում գունավոր արդյունաբերությունը նույնպես կառավարել են հայերը, հետևաբար, մենք այդ երկրում ունենք բացարձակ իրավունք»:

Վերջինս նաև նշում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրին Ռուսաստանի հերթական ագրեսիան՝ ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանն ու ՌԴ-ում ապրող հայերը ենթարկվում են նվաճողական ճնշման. «Հայաստանի քաղաքականությունը և մեր հայերի ռուսասեր կեցվածքը բացարձակապես չեն բխում Հայաստանի շահերից: Ռուս ժողովուրդը շնորհակալ ժողովուրդ չէ, նա մեր տակտիկական գործընկերն է ընդամենը»: 

 Աղավնի Սուքիասյան