Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկեց և համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018-2020 թթ. ներդրումային ծրագրին: «Գազպրոմ Արմենիա»-ի առաջիկա երեք տարիների ներդրումները կկազմեն 32 միլիարդ 396,7 մլն դրամ`առանց ավելացված արժեքի հարկի:  «Ծրագրի նպատակն է ապահովել գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում, բարելավել ծառայությունների մատուցման և սպասարկման որակի ցուցանիշները»,-հանձնաժողովի նիստին հայտարարեց ընկերության Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արտաշես Գաբրիելյանը: Նա հավելեց, որ ընկերության 2018-2020 թթ. ներդրումային ծրագրում ներկայացված են գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի զարգացման հիմնական միջոցառումները, անհրաժեշտ ներդրումների կանխատեսվող ծավալները և ակնկալվող արդյունքները: «Գազափոխադրման համակարգին կուղղվի 28 միլիարդ 280 միլիոն դրամ, գազաբաշխման համակարգին` 4 միլիարդ 110 միլիոն դրամ»,-ասաց Արտաշես Գաբրիելյանը:

Առաջիկա երեք տարիներին ներդրումներ կկատարվեն հետևյալ ուղղություններով ու ծավալով` գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնում՝ 19 միլիարդ 474,0 մլն դրամ, գազափոխադրման համակարգի ընդլայնում՝ 7 միլիարդ 683,6 մլն դրամ, գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 1 միլիարդ 124,9 մլն դրամ, նոր բաժանորդների միացում` 965,0 մլն դրամ, գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 3 միլիարդ 104,3 մլն դրամ: «Հրազդան-5» հիմնարկի համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումներ` 45 մլն դրամ:

«Գազպրոմ Արմենիա» պարտավորված կլինի մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագիրը: