Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մասնակցությամբ քննարկումներ են մեկնարկել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ:

Քննարկման մեկնարկին հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով ներկայացրեց, որ ծրագրի ներդրման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության վիճակագրությունը, որի ցուցանիշներով Հայաստանը բարձր հիվանդացության երկրների շարքում է: «2016 թ. գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության 2999 դեպք, գրեթե յուրաքանչյուր տարի դիսպանսեր դիմած հիվանդների միջին թիվը 3000 է, ամեն տարին նոր դեպքերով է համալրվում: Ամեն տարի այս հիվանդության հետևանքով մահանում է 120-130 կին: 2016-ին մահացել է 105 կին, 2015-ին՝ 127 կին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ որպեսզի կանխարգելվեն մահացության դեպքերը, սքրինինգային ծրագիր է իրականացվել դեպքերի վաղ հայտնաբերման համար, մինչդեռ այն կազմակերպված չէր, կանանց կամքին էր թողնված: Արդյունքում՝ ընդհանուր 600 000 կանանցից հետազոտություն է անցել ընդամենը 40%-ը:

Գայանե Սահակյանի խոսքով՝ նախարարությունը վիրուսի դեմ պատվաստելու նախապատրաստական աշխատանքների համար դրամաշնորհ է ստացել 178 հազար ԱՄՆ դոլարի չափով: «Ծրագիրն արդեն իրականացվում է, մինչ այդ բավականին լուրջ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվել. դասընթացներ բոլոր բուժաշխատողների շրջանում, խորհրդակցություններ բոլոր բուժաշխատողների շրջանում, հանդիպում դպրոցներում իրազեկման նպատակով, տպագրված ձեռնարկներ»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ մեկ շաբաթում պատվաստվել է 89 աղջիկ, և ոչ մեկի մոտ հնարավոր ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել:

Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները սկսվել են 2017թ. դեկտեմբերի 11-ից: Վիրուսի դեմ տարեկան կպատվաստվի 13 տարեկան մոտ 15 հազար աղջիկ: