Մարտի 12-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումը կարծես թե կայանալուց դեռ մի քանի օր առաջ Հայաստանի հետընտրական զարգացումներում իր վրա է բևեռել հանրային ուշադրության մի զգալի մասը: Զարմանալու ոչինչ չկա իհարկե, քանի որ այդ հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտրվեն շատ հարցերի պատասխաններ նաև հետընտրական իրողությունների մի ահագին մասի համար:

Մինչ այդ հանդիպումը Երևանում տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կարծես թե հիմքեր է տալիս կանխատեսելու, որ եթե Մոսկվայում ՌԴ նախագահին չհաջողվի իր համար անհրաժեշտ հարցերում բավարար զիջումներ կորզել Սերժ Սարգսյանից, Հայաստանում հետընտրական իրավիճակը կարող է որոշակի նոր թեժացում ապրել, այս անգամ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի քայլերի օգնությամբ:

Իսկ Պուտինի ակնկալիքները, բնականաբար, շատ պարզ են: Արդեն երկար ժամանակ, գործնականում՝ իր վերընտրությունից անմիջապես հետո, որի մեկ տարին լրացավ նախօրեին, Պուտինը Հայաստանից փորձում է համաձայնություն կորզել վերընտրվելուն զուգահեռ իր առաջ քաշած՝ Եվրասիական միության գաղափարի և դրա ներկայիս կմախքը հանդիսացող Մաքսային միության վերաբերյալ:

Հայաստանն առայժմ ամեն կերպ դիմադրում է դրան, փորձում է հակափաստարկներ ներկայացնել, սակայն Մոսկվան համառ է: Իսկ եթե մի հարցում Մոսկվան համառում է, նշանակում է՝ դա շատ կարևոր է ռազմավարական տեսանկյունից։ Իսկ նման դեպքերում արդեն ռուսական քաղաքականությունը դառնում է իսկապես անկանխատեսելի, և հնարավոր է ամենատարբեր գործիքների կիրառումը նպատակին հասնելու համար:

Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ Արևմուտքն էլ լրջորեն տրամադրված է՝ պայքարելու Հայաստանի համար: Բայց այդ տրամադրվածության առումով, այնուամենայնիվ, մի կարևոր հարց այսօր սպասում է պատասխանի, առանց որի, իհարկե, մնացյալ հարցերը դառնում են երկրորդական: Ի՞նչ է անելու Արևմուտքը, եթե Ռուսաստանը որոշի իր շահերը Հայաստանում և տարածաշրջանային կտրվածքով պաշտպանել իրավիճակի ապակայունացման գնով: Ինչպիսի՞ն են լինելու Արևմուտքի քայլերը, ի՞նչ միջոցներով է Արևմուտքը պաշտպանելու իր շահերը, և պաշտպանելո՞ւ է այնպես, որ Հայաստանի անվտանգությունը նման պաշտպանությունից ոչ թե առավել խոցելի դառնա, երբ պետությունը կհայտնվի մուրճի ու սալի արանքում, այլ լինի առավել հուսալի, և ապակայունացման ջանքերը կա՛մ ապարդյուն լինեն, կա՛մ Ռուսաստանը վերջնականապես հրաժարվի Հայաստանում և Կովկասում ընդհանրապես նման ծայրահեղ տեխնոլոգիաներին ապավինելուց: