Փետրվարի 7-ին Արցախի պահպանության զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրամկոցից հրազենային մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող 1998 թվականին ծնված Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր համայնքի բնակիչ էր: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Նավուրի համայնքապետ Արամ Նիգոյանը ասաց, որ բոլորն անհամբեր սպասում էին Հայկի վերադարձին. «Լավ ընտանիքից էր, լավ երիտասարդ, բոլորը սիրում էին նրան: Ապրում էր ծնողների, քրոջ և եղբոր հետ: Ընտանիքի ավագ որդին էր»,- փոխանցեց Նիգոյանը:

 

Համայնքապետի խոսքով՝ Հայկը փոքր տարիքից օգնել է ընտանիքին. «Ընտանիքը սոցիալական շատ ծանր պայմաններում է ապրում, ճիշտ է այսօր շատերն են վատ վիճակում, բայց իրենց վիճակն շատ ավելի վատ է»,- ասաց համայնքապետը:

Նշենք, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Քալանթարյանի սպանության դեպքի առթիվ։ Քալանթարյանը հրազենային վիրավորումը ստացել է գլխի շրջանում: