Ազգային ժողովն ասյօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը:

Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

 

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանն, ով նաև փաստաբանների նախաձեռնած բողոքի ակցիայի նախաձեռնող խմբիի անդամ է, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ փաստաբանին մինչև 100 հազար դրամ տուգանեռլու կարիքը չկար, քանի որ գործող օրենքն արդեն իսկ սահմանում է փաստաբանին կարգի հրավիրելու մեխանիզմներ․ «Իրավականում տուգանքն արդեն գործում էր և գործում էր պալատի միջոցով. հարուցվում էր կարգապահական վարույթ և կարող են անգամ փաստաբանին փաստաբանական լիցենզիայից զրկել։  Ո՛չ պատգամավորներին, ո՛չ էլ հանրությանը չեն ասում, որ այս հարցն արդեն կարգավորված է և, հետևաբար, առաջարկվող նոր նախագծով՝ մենք գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ պարզապես պաշտոնյաների կամայականության հետ»,-ասաց Մկրտչյանը։ 

Համազգեստով մարդուց պետք չէ զգուշանալ. Արսեն Մկրտչյան

Փաստաբանի խոսքով՝ ցանկացած դատավոր դատավարական նիստի ընթացքում հարգում և հարգվում է և այստեղ պետք է խոսել դատավորի մասնագիտական պիտանելիության մասին․«Կայացած դատավորին չի կարող փաստաբանը չհարգել»,-ասաց նա։  

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ Արդարադատության նախարարության մի շարք առաջատար պաշտոնյաներ այս քայլով պարզապես ցանկանում են ամեն ինչը կարգավորել և վերահսկել, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ այն, ինչ Արդարադատության նախարարությունը վերցնում է իր վերահկողության տակ, քանդվում է․ «Որպես օրինակ՝ նայեք կալանավայրերի վիճակը. երբ դրանք ներքին գործերի նախարարության կազմի մեջ էին, ավելի լավ վիճակում էին, քան հիման։ Այնպես որ, եթե Արդարադատության նախարարությունում շատ են ուզում, թող եղածը կարգավորեն, ոչ թե ուրիշի վերմակը քաշեն իրենց վրա»։

Փաստաբանի համոզմամբ՝ առաջարկվող օրենքի նախագիծը նաև վնասում է դատավորի հեղինակությունը։ «Ստացվում է՝ նախարարությունից պետք է զանգեն, ասեն՝  սրան 100 տուգանիր, նրան տուգանիր, և, փաստորեն, գնաց ռուլետկան»։