Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձավ նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության արդեն նախկին պետ Արթուր Օսիկյանի՝ պաշտոնից ազատմանը: 

Նախարար Հարությունյանի խոսքով՝ Արթուր Օսիկյանն իր աշխատանքի ընթացքում ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց ունեցել է նաև իր թերությունները.  «Չկա այնպիսի մարդ, ով աշխատել է անթերի, այդ թվում և ես: Այնպես որ՝ երբեմն խնդիր ես դնում փոխել անձին, որովհետև ուզում ես նորովի, այլ տեսանկյունից հարցին մոտենալ: Նույնը վերաբերում է ցանկացած անձի: Նրանք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատանքը»,-ասաց Հարությունյանը:

Վերջինս օրինակ բերեց իր սեփական փորձը, երբ որոշեց, որ պետք է որոշակի ժամանակահատված չաշխատի այդ պաշտոնում, քանի որ անհրաժեշտ է, որ նոր նախարար գա, ով իր կատարած թերի քայլը կնկատի: «Ես ուրախ եմ, որ դա արել եմ մեկ տարի առաջ»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց Արթուր Օսիկյանը:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արթուր Օսիկյան-Դավիթ Հարությունյան հակամարտությունն ունի տարիների պատմություն, և առաջին անգամը չէ, որ այս երկու պաշտոնյաների աշխատանքը համատեղել չի ստացվում, ինչի հետևանքով էլ Օսիկյանը հեռացվեց համակարգից: