Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ջանք ու եռանդ չխնայեց իրենց իսկ գերատեսչության կողմից հանրությանը փաստի առաջ կանգնեցրած նոր Հարկային օրենսգիրքը գովերգելու համար: Իհարկե, գովերգելու առիթներն այնքան էլ շատ չէին, մեկ-երկու դրական դրույթների ֆոնին Միրումյանը համեստորեն լռեց աղետալի գնաճի հանգեցրած և ընդհանրապես՝ բիզնես միջավայրի համար կնճռոտ կետերի մասին: Միրումյանը հպարտորեն նշում է, որ Հարկային օրենսգրքի դրույթներից մեկն ուղղված է ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներ արտահանումն ավելի գրավիչ դարձնելուն: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով, եթե ընկերությունը երրորդ երկրներից Հայաստան է ներմուծում ապրանքներ և արտահանում այլ երկրներ, ապա մաքսային սահմանին ԱԱՀ չի գանձվում: Այսպիսով, պետությունը տնտեսվարողների համար շուրջ 80-90 միլիոն դրամ է խնայում:
 
Դժվար է պատկերացնել, որ ՊԵԿ նախագահի տեղակալը ծանոթ չէ պաշտոնական վիճակագրությանը, համաձայն որի՝ 2017-ին երրորդ երկրներից Հայաստան ներմուծված ապրանքների ծավալը եռակի անգամ նվազել է, իսկ սա նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր առևտրանտեսական կապերը վերոնշյալ երրորդ երկրների հետ: Թե ինչո՞ւ՝ հասկանալի է. ԵԱՏՄ կանոնակարգերը թելադրում են, որ դա բիզնեսի համար ընդհանրապես շահավետ չէ: Երրորդ երկրներից ներմուծումը զգալիորեն կկրճատվի նաև այս տարի, քանի որ հունվարի մեկից արդեն իսկ ուժի մեջ է մտել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը:
 
Միրումյանը չի կարող տեղյակ չլինել նաև այն փաստին, որ կառավարության ջանքերը՝ միտված ներմուծմանը փոխարինող կոնկրետ քաղաքականության մշակման հարցում՝ մեղմ ասած՝ տապալվել է: Մեր երկիրը շարունակում է ներմուծել ահռելի տեմպերով, ընդ որում՝ ներմուծվում է անգամ այն, ինչը առկա է երկրում, օրինակ՝ հացահատիկը և կարտոֆիլը: Եվ այս պարագայում, Միրումյանը ենթադրում է, որ Հարկային Օրենսգիրքը դեռ մի բան էլ լավություն է մեր տնտեսվարողին՝ կարտահանեն և գումար կխնայեն: Հայաստանի խոշոր արտահանողների համար Միրումյանի փրկած 80-90 միլիոնը, իհարկե, եղանակ չի փոխի: Փոխարենը՝ նույնքան էլ կորցնելու են նրանք, ովքեր ամեն դեպքում կորոշեն ապրանք ներմուծել:
 
Ստելլա Խաչատրյան