«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է շռայլել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հասցեին: «Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված ՀԽ խորհրդի գործունեության եւ կայացման հետ, այլեւ մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը ...բեկումնային պահերին վարել է վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: ...Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: ...Եվ այս առումով մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաեւ մեկ անգամ եւս ընդգծել, որ իմ կարծիքով` ՀԽ-ն գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վ. Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով եւ լայնախոհությամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է վերհիշել, թե նույն Սերժ Սարգսյանը տարիներ առաջ ինչպե՞ս է արտահայտվել նույն Վազգեն Մանուկյանի հասցեին:

1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը կողմնակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, սեպտեմբերի 26-ի ասուլիսում այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»:

2007թ. փետրվարին էլ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որակավորմանը` ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:

2008թ.-ից Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, եւ հիմա նրա մասին առանձնահատուկ գնահատանքի խոսքեր են հնչում: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում