Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ի թիվս ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների՝ բարձրացրեց նաեւ կրճատումների հարցը, հայտնեց նաև, որ թատրոնի վրա, այսպես ասած, «պլան են դնում»:

«Երբ ես ստացա կոչում, ինձ տվեցին վաստակավոր դերասան, ասում եմ՝ բայց ես բեմադրիչ եմ, ինձ արվեստի վաստակավոր գործիչ պետք է տայիք, այ այսքան անտեղյակ են մշակույթից վերևներում»,-ասաց Ծատուրյանը՝ հավելելով, որ եթե մեր կառավարությունը տեղյակ լինի խնդիրների մասին՝ մի բան գոնե կձեռնարկի:

 

Օրինակ, մշակութային կյանքն ակտիվացնելու համար պետք է ֆինանսավորի մարզերի բնակիչներին և հաղորդակից դարձնի թատրոնի հետ՝ մարդկանց Երևան ներկայացումներին բերելով:

Ծատուրյանը նկատում է նաև հասարակության դերը թատրոնի, կինոյի զարգացման գործում, քանի որ պետք է լավ գործ պահանջի, քննադատի, ոչ թե թատրոն գնա միայն «խրխնջալու» համար ու ուրախ հեռանա դահլիճից:

Ներկայացումներ ստեղծողներն էլ, այսպես ասած, «արխային են ընկնում» և ինչ որակի գործ ասես՝ ստեղծում են: Ասուլիսին ներկա դերասան Լևոն Հարությունյանն էլ նկատում է, որ խոսելով ոչինչ չեն փոխի ու իր համար «այնքան կայֆ է» լռելը, ու ինքը որոշել է այլևս լռել, այդպես «կայֆ» է:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ազդեցություն են ունենում սերիալները հասարակության զարգացվածության վրա, Հարությունյանը նկատում է, որ պետք չէ դրանց այդքան քննադատել, քանի որ դերասանն այդ միջոցով է կարողանում գումար վաստակել.«6 տարի տառապում էի սերիալում չնկարվելու համար, բայց «ծախվեցի»: Այսօր աշխատանք ունեմ, գումար եմ վաստակում, ապրում եմ, դե եկեք փակենք սերիալները, ու... ու ի՞նչ անենք»:

Լևոն Հարությանը նշում է նաև, որ պետք չէ «բզբզալ», բայց Հայաստանում թատրոնից անգամ փայ են ուզում, թեպետ չցանկացավ նշել, թե ովքեր են թատրոնից փայ ուզում՝ շեշտելով, որ բոլորիս հայտնի են այդ մարդիկ: