Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականին իրականացրած ստուգումների արդյունքում Հայաստանի բոլոր ԱԳԼՃԿ-ներում հայտնաբերել է խախտումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:

«Շուկայի անվտանգության ապահովման նպատակով տեսչական մարմինը իրականացնում է ինչպես վերահսկման, այնպես էլ կանխարգելման և հանրության լայն շրջանակների իրազեկման աշխատանքներ: 2017-ին տեսչության կողմից իրականացվել է 197 ստուգում, միջինում տնտեսավարողների 81.7 տոկոսի մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ»,-ասաց ՇՎՏՄ ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ խաղալիքների ոլորտում խախտումներ հայտնաբերվել են տնտեսավարողների 83 տոկոսի մոտ, օծանելիքի և կոսմետիկայի ոլորտում՝ 80 տոկոսի, ցածրավոլտ սարքավորումներ վաճառողների՝ 76, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքների ոլորտում՝ 71, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքով վաճառքով զբաղվողների 67 տոկոսի մոտ: Չափումների միասնականության ապահովման առումով ստուգումներում խախտումներ արձանագրվել են ընկերությունների 41 տոկոսի մոտ: «Արդյունքում կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, նշանակվել է 23 միլիոն դրամի տուգանք, որը հավաքագրվել է 90 տոկոսով»,-հայտնեց պաշտոնյան:

Լևոն Խալիկյանը կարևորեց այն հանգամանքը, որ 2017-ին, 2016-ի համեմատ, սերտիֆիկատների և հայտարարագրերի 31 տոկոս աճ է գրանցվել: