Առողջապահության համակարգում աշխատող ընկերությունների «կյանքի աղբյուրը» Հայաստանում շարունակում է մնալ պետական բյուջեն: Ով կարողացավ ձեռք գցել բյուջետային կաթսա, նա էլ կգոյատևի և կհարստանա: Առողջապահության համակարգի բյուջետային հատկացումների հաշվետվությունները վկայում են «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության հետևողական վերելքի մասին: Այսպես, 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեից սոցփաթեթների ֆինանսավորման համար հատկացված 902 միլիոն դրամից 250 միլիոնը ուղղվել է միայն «Ինգո-Արմենիա»: Որքան էլ «Ինգո Արմենիա»-ն համարվի շուկայի առաջատար խաղացող, այն միանշանակ շաղկապվում է նախարար Ալթունյանի անվան և բիզնեսի հետ, արդյո՞ք դա նրան չի մտահոգում: Թե՞ դեմքը պահելը հայկական իսթեբլիշմենթի համար այլևս առաջնային չէ, կարևորը բիզնես շահերն են: Այս տեսանկյունից՝ «Ինգո Արմենիա»-ն իհարկե շահած է դուրս գալու:
 
 
Ինչպես երևում է պետական բյուջեով առողջապահության համակարգին տրվողֆինանսավորման կրճատումը հինգ միլիարդով վերաբերվում էր միայն քաղաքացիներին, ովքեր իրենց մաշկի վրա զգացին փողի քչությունը՝ աչքները պետպատվերի ճամփին,ամիսներով բուժհաստատությունների դռները չափչփելով , զրկվելով օրենքով հասանելիք արտոնությունների մեծ մասից, անգամ շտապ օգնություն կանչելով միայն այն դեպքում , երբ արդեն բանը բանից անցել է: Մինչդեռ Ալթունյանը իրեն բնորոշ լայն ժպիտը պահի տակ փոխարինելով դեմքի լացակումած և սրտաճմլիկ արտահայտությամբ շարունակում է համոզել, որ սարեր շուռ կտար առողջապահության համակարգը բարեփոխելու և լավ-լավ գործեր անելու համար, բայց արի ու տես մարդու ձեռը քարի տակ է՝ կառավարությունը անչափ անողոք է գտնվել Ալթունյանի բարի ցանկությունները ի կատար ածելու հարցում: Դե իհարկե առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան այդ փաստին, ընդհանրապես մենք անչափ համբերատար և կամեցող ազգ ենք՝ կարևորը Ալթունյանի գործերը չթարսվեն…
 
Ստելլա Խաչատրյան