Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ի կառավարության նիստում, օրակարգային հարցերը սպառելուց հետո, շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ այս կազմով գործադրի վերջին նիստն է:

«Հարգելի գործընկերներ, կառավարությունն այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Հաջողություն եմ մաղթում նաև նոր ձևավորվող կառավարությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Մայիսի 11-ին կայացած կառավարության նիստն առաջինն էր, որը վարում էր Նիկոլ Փաշինյանը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

ՀՀԿ-ն հրաժարվել է լինել նոր ձևավորվելիք կառավարության կազմում: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը կլինի գործադիրի կազմում, ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են: