Երեկ Էջմիածնում տեղի ունեցավ հանրահավաք, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Թեև ակցիայի կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել ցույց տալու համար, թե բողոքի ալիքը թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, որ հասել է Սուրբ քաղաք, կասկած անգամ չկա, որ Էջմիածնի փողոցներում տեղի ունեցողը իրականում ոչ մի աղերս չունի ժողովրդական ընդվզման հետ: Պարզապես որոշ քրեական տարրեր՝ այս դեպքում՝ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը, ցանկանում է ժողովրդական ընդվզման անվան տակ լուծել սեփական խնդիրները:
 
Վերջին շրջանում քաղաքում հայտնվել են կրիմինալ «առաքյալներ», ովքեր մեկը մյուսին հերթ չզիջելով, փորձում են «ազատագրել» Էջմիածինը: Ողբերգությունն այն է, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` նույն ինքը՝ Դուբայի խանութներից մեկում կոստյում գողանալու վրա բռնված և մի քանի օր բանտում անցկացրած  Ճոյտը և նույն Դոն Պիպոն՝ ում անվան հետ բազմաթիվ հանցագործություններ են կապվում, իսկ նրա թիկնապահների կողմից պատանդ վերցնելու, պահելու, կտտանքների ենթարկելու գործը այդպես էլ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չհայտնվեց՝  խոսում են թավշյա հեղափոխության անունից: Մինչդեռ՝ վերջին ամիսների քաղաքական աննախադեպ գործընթացն ուղղված էր հենց օլիգարխիայի և կրիմինալի դեմ:
 
Դոն Պիպոյի նպատակն իրականում հասկանալի է. պայմանվորված երկրում ստեղծված իրավիճակով՝ նա որոշել է հասարակությունը և, մասնավորապես, էջմիածնեցիներին պառակտելու ճանապարհով իր բաժին կտորը փախցնել իշխանությունից՝ ձեռքի հետ լուծելով նաև սեփական վրեժը, մոռանալով, սակայն, որ իշխանությունը, որին այդքան ձգտում են ինքն ու իր թիմակիցները, փողոցում գցած չէ, որ ով ցանկանա՝ վերցնի ու վայելի: Այն տեր ունի ու դրա տերը ժողովուրդն է, որի անունից խոսելու ոչ մի իրավունք որևիցե պիպո չունի, որքան էլ որ հայտարարի, թե եկել է հարազատ քաղաքը փրկելու: Ի դեպ, հիշեցնենք՝ մեկ տարի առաջ Պիպոն հայտարարում էր, որ Հայաստանի փրկությունը Կարեն Կարապետյանի մեջ է, և եթե իր խոսքերը սուտ դուրս գան, թող իրեն հիշեցնեն համապատասխան օրվա մասին: Հիշեցնում ենք ոչ միայն այդ օրվա մասին, այլև այն, որ նախորդ իշխանութունների օրոք նա այդպես էլ չհանդգնեց մատնացույց անել Էջմիածնի ենթադրյալ թերությունները, ծպտուն անգամ չհանեց այն «անտանելի ճնշումների» մասին, որի հեղինակն իբր քաղաքային իշխանությունն են և Մանվել Գրիգորյանը: Եվ, քանի որ Դոն Պիպոյի մեկ տարի առաջ հնչեցրած «ձոները» չեն մոռացվել, դեռ հարց է՝ ո՞ր արտաքին ուժերը կամ խաղացողներն են նրան տվել նման «առաքելություն», իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ սաբոտաժ իրականացնելու մանդատը, և ո՞ւմ է այդ սաբոտաժը ձեռնտու...
 
Ինչ վերաբերվում է Գեներալ Մանվելին, ում դեմ այդքան ջանասիրաբար պայքարում է Դոն Պիպոն, ապա նրան կարելի է սիրել, կամ չսիրել, ունենալ հակասական վերաբերմունք նրա անձի նկատմամբ, սակայն մի բան ակնհայտ է՝ երբ հող ազատագրած գեներալի դեմ փորձում են պայքարել քրեական «թայֆաների», օրենքով գողերի, կուսակցությունից կուսակցություն «թռչկոտող» քաղաքական միջակությունների միջոցով, ապա դա նույնական է սեփական պետության և պետականության դեմ դուրս գալու հետ: Պատերազմական վիճակում գտնվող երկիրն իրեն նման ճոխություն թույլ տալու իրավունք՝ պարզապես չունի:
 
Այո՛, ոչ ոք չի պատրաստվում պնդել, թե փոփոխություններ պետք չեն, այո,՛ միգուցե և դրանց կարիքն այսօր Էջմիածնում զգացվում է, սակայն աներկբա է նաև, որ ինչ-որ մեկին ցուցում տալու կամ ճանապարհ ցույց տալու իրավունք պետք է ունենան բացառապես նրանք, ովքեր ժողովրդի համար գոնե իրենց կյանքի ինչ-որ փուլում դրական գործ են կատարել, բայց ոչ երբեք հանցագործները, որոնք  թումանյանական Նազարի օրինակով հանկարծ դարձել են դոներ ու նույնիսկ պիպոներ:
 
Թերևս, հասկանալով նման «առաքյալների» տված խաղերի գինը, այսօր կոշտ հայտարարություն է տարածել վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ թույլ չի տա թավշյա հեղափոխության անունը օգտագործել մաֆիոզ պատերազմներում: Թեև Փաշինյանը անուններ չի նշել, սակայն այն փաստը, որ նման հայտարարությունը արվում է հենց Էջմիածնում՝ Դոն Պիպոյի կազմակերպած ցույցերի ֆոնին, բացահայտում է նաև Փաշինյանի ուղերձի իրական հասցեատիրոջը: Փաշինյանը, սակայն, մտածելու տեղիք ունի. կամա թե ակամա՝ իր իսկ կողմից նշված մաֆիոզ պատերազմների մասնակից են իր իսկ թիմակիցները: Նրանցից մի քանիսը երեկ ներկա էին հանրահավաքին, անգամ կազմակերպչական հանձնախմբում էին՝ դրանով իսկ լեգիտիմացնելով Դոն Պիպոյի կազմակերպած «խրախճանքը» և ասոցացնելով այն թավշյա հեղափոխության հետ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վարչապետ Փաշինյանը այնքան էլ լավ չի տիրապետում իր թիմում ստեղծված իրավիճակին և օրեցօր չհամակարգված, չհամաձայնեցված գործողություններն ավելի բացահայտ են դառնում: Մի բան ակնհայտ է՝ թավշյա հեղափոխությունը չի կարող ունենալ քրեական բաղադրիչ, նույնիսկ` մարտավարական նկատառումներով: Սա աններելի է և կարծում ենք` Հայաստանի նոր իշխանությունը պետք է ավելի հստակ ուղերձ հասցեագրի հասարակությանը, որ ինքը որևէ պարագայում դոնպիպոների անհրաժեշտությունն ունենալ չի կարող: