Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած քաղաքական գործիչները փորձում են իրենց ոլորտներում ինչ-ինչ թերություններ գտնել և բարձրաձայնել՝ այդ կերպ արդարացնելով իրենց հեղափոխությունը և ինչու չէ՝ նաև բարձր վարկանիշ վաստակել:

Նման մի քննական հարց էլ դրված է Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի սեղանին: Օրերս մամուլը մի հարց բարձրացրեց՝ կապված ՊՈԱԿ-ի և նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շահերի բախման մասին:

 

Այս ՊՈԱԿ-ը ստեղծված է հատուկ պետական արարողակարգային միջոցառումների համար, այդ թվում՝ պետք է տնօրինի թաղման կառավարական հանձնաժողովների համար նախատեսված գումարները: Դրանով է նաև պայմանավորված ՊՈԱԿ-ի ստեղծումը, աշխատողների հավաքագրումն ու համապատասխան գույքի առկայությունը:

Սակայն վերջին շրջանում ՀՀ մշակույթի նախարարությունը ներքին կարգով հուղարկավորության արարողությունների կազմակերպումը հանձնարարում է ոչ թե իրեն ենթակա ՊՈԱԿ-ին՝ Պետական ֆիլհարմոնիային, այլ Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Մանչ» ՍՊԸ-ին՝ հավանաբար, որոշակի մոտիվացիա ունենալով:

Այսինքն՝ կնքվում է պայմանագիր «Ալեքս Մանչ» ՍՊԸ-ի հետ, որն էլ ամեն ինչ անում է, որպեսզի հատկացված մոտ 1.7 միլիոն դրամը մինչև վերջ ծախսվի: Ավելին՝ գնումներ կատարվում են միայն Մհեր Սեդրակյանին պատկանող սգո սրահներից, դառնում սեփական բիզնես:

Հարցը բարձրացվեց, բայց անուշադրության մատնվեց նախարարի կողմից, ով լավ հնարավորություն ուներ օրենքի իշխանություն հաստատելու իր ոլորտում, սակայն նա դա չարեց. այսպես ասած՝ կտրվեց իր «քննությունից», քանի որ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեց կառավարական հանձնաժողով, որը կարծես թե հին մեթոդներով է աշխատելու և Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ը ներգրավված չէ հանձնաժողովի մեջ:

 

Ինչ խոսք, սա հեղափոխության արդյունքում իշխանության եկած նախարարի վարքագիծ չէր, և նման անուշադրությունը լարվածություն առաջացնելու հիմք է ստեղծում:

Ստելլա Խաչատրյան