Արդեն 4-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելության էր եկել նախկին պատգամավոր, հայտնի գործարար և 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ այն ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին հրապարակային ձևով սատարած Խաչատուր Սուքիասյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության պատճառների վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան, նա իր գալը բացատրեց նրանով, որ ինքը միշտ էլ եղել է ժողովրդի կողքին և նպատակն է օր առաջ կառուցել համակարգային պետություն: «Ես միշտ ժողովրդի կողքին եմ և կլինեմ ժողովրդի կողքին, հերթական անգամ ո՞րն ա, բոլոր անգամներն էլ նրանց կողքին եմ»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու քայլը նա բոլոր դեպքերում ողջունելի է համարում: «Ինքը պետք է որոշի, թե ինչ քայլ է անում, ցանկացած քայլ, որ ցանկացած քաղաքացի ինքն է ընտրում, իմ համար ողջունելի է»,-ասաց նա:

Հարցին, թե այս անգամ արդյո՞ք, ըստ նրա, հետընտրական այս գործընթացները ցանկալի ավարտին կհասցվեն, թե ոչ, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց, որ եթե ցանկություն կա, իսկ մեջտեղում մաքուր տեխնոլոգիաներ են օգտագործվում, ապա կստացվի:

«Մենք պետք է հասկանանք, թե ցանկացած անձ ինչ է ուզում, որ ստացվի, եթե ինչ-որ բան ուզում է, որ ստացվի և միաժամանակ чистые տեխնոլոգիաներ է օգտագործում, ուրեմն կստացվի»,- վստահեցրեց նա, իսկ թե առկա քայլերը նա մաքուր տեխնոլոգիա համարում է, թե ոչ, նա ընդամենն իր անունից խոսեց, որ ինքը կանգնած է ժողովրդի կողքին:

Ներքաղաքական գործընթացներին նրա մասնակցության հավանականությունը Խաչատուր Սուքիասյանը բացատրեց նրանով, որ իր ցանկությունն է, Հայաստանի Հանրապետությունը լինի համակարգային պետություն: «Լինի համակարգային պետություն, սոցիալական խնդիրները լուծվեն, արդյունաբերությունը, տնտեսությունը զարգանա, և դրա համար ինչ գործիքներ, որ պետք են, ես պատրաստ եմ այդ գործիքները և՛ ստեղծել, և՛ այդ գործընթացի կողքը կանգնել»,-ասաց նա:

Նա նշեց, որ բոլորի' այդ թվում և Սերժ Սարգսյանի նպատակը պետք է լինի հասնել իրական բարեփոխումների: «Այդ բարեփոխումները պետք է ժամ առաջ կատարել, սկսել իրականացնել և դրա արդյունքները ստանալ: Ինձ չի հետաքրքրում, դա Սերժ Սարգսյանին է վերաբերվում, թե ում, ինձ հետաքրքրում է մեկ բան, որ Հայաստանում պետք է ունենա այդ ամենը, սա ես կանեմ, մյուսը կանի, թե էն մյուսը ես շնորհակալ կլինեմ»,-ասաց նա: