Դեռևս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, վերջնաժամկետ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մինչև հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների սկիզբը. Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է խաղաղ ընդվզումների, եթե մինչ իր ներկայացրած ժամկետը Շանթ Հարությունյանը բանտից ազատված չլինի:
 
Հանրության համար առնվազն տարօրինակ է այն իրավիճակը, երբ բանտից ազատվում են անգամ նախկին համակարգի կոռուպցիոն սխեմաների կնքահայրերը, մինչդեռ Շանթի՝ սեփական երկրի համար պայքարող տեսակը մինչ օրս շարունակում է մնալ բանտում: Ի դեպ՝ պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալ է համարել, իսկ հիմա, կարծես թե, խուսափում է գործնական քայլեր անելուց, ինչն էլ հասարակության մոտ կասկածներ է ծնում, որ Շանթ Հարությունյանի ազատ արձակումը ձեռնտու չէ մի շարք կենտրոնների, կամ ինչու ոչ՝ գուցե հենց օրվա իշխանություններին: Ինչքան էլ վարչապետն ու նրա շրջապատը պնդեն, որ դատարանների վրա որևէ ազդեցություն բացառում են, ակնհայտ է, որ «Սասնա Ծռերի» անդամները, Ժիրայր Սեֆիլյանի խումբը, Սամվել Բաբայանը ազատության մեջ հայտնվեցին հեղափոխական իրողությունների համատեքստում ծնված քաղաքական որոշման արդյունքում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Շանթ Հարությունյանը պայքարի էր դուրս եկել ընդդեմ ռուսական գաղութատիրության, և շատերը նրա՝ կալանքի տակ մնալու մեջ տեսնում են նաև Մոսկվայի ճնշումը և միջամտությունը: Եթե դա այդպես է, ապա Հարությունյանը ամենայն հավանականությամբ կալանքի տակ կմնա՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
 
Սակայն, ի՞նչ է ստացվում. եթե Շահեն Հարությունյանը խոստացվածի պես դուրս գա փողոց՝ իրացնելու իր քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաները, նոր իշխանությունները նրա այդ՝ ինչ-որ տեղ հուսահատ քայլը ևս կորակեն իբրև հակահեղափոխության փորձ և սաբոտաժ: Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները սկզբում ևս ստացան նմանատիպ պիտակավորում: Եվ, ընդ որում՝ նման խոսքեր հնչեցնելն առնվազն տարօրինակ է մի մարդու կողմից, որը ժամանակին խրախուսում էր բնապահպանների քայլերը, իսկ հետո խոստացել էր, թե հանքարդյունաբերության հարցում Հայաստանի կառավարության քաղաքականությունը փոխվելու է: Եթե այսօր Շահեն Հարությունյանի քայլը որակվի որպես սաբոտաժ՝ դա էլ ավելի անհեթեթ կլինի, քանի որ Փաշինյանը ևս մեկ խոստում էր տվել վարչապետ ընտրվելիս՝ երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, իսկ Շանթ Հարությունյանն այսօր դասական քաղբանտարկյալի, թերևս, լավագույն օրինակն է…