Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր հույս էր ներշնչել նաև մարզերի մեր համաքաղաքացիներին: Թվում էր, թե Երևանից զատ՝ ժողովրդական լեզվով ասած՝ պետք է ծլեն, ծաղկեն և բարգավաճեն նաև հարակից շրջանները, համայնքները, մարզերը: Սակայն, օրինակ՝ երբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր աշխատանքային 100 օրերը ամփոփող ասուլիսում հայտարարում է, որ այս ողջ ընթացքում զբաղված է եղել մարզում օրինականությունը վերականգնելով՝ հասկանում ես, որ վարդագույն երազանքները կամաց-կամաց մղվում են երկրորդ պլան, իսկ առաջին պլան է վերադառնում ոչ կոմպետենտություն կոչվածը: Բնավ էլ չենք ուզում ասել, որ պարոն Պետրոսյանը իր գործի գիտակը չէ, պարզապես, նա, մեղմ ասած՝ իր գործով չի զբաղվել անցած 100 օրերի ընթացքում. այն պարզ պատճառով, որ օրինականության վերականգնման ողջ լիազորությունները տրված են և այդ պարտականությունը դրված է իրավապահ համակարգի վրա: Բացի այդ կարևոր, սակայն ցավոք՝ ոչ իր պարտականութունները կատարելուց, մարզպետը նաև լծված է եղել Երևան-Սևան մայրուղու բարդիների չորուկների սանիտարական էտին: Կարճ ասած՝ Կոտայքը «վստահելի ձեռքերում է» : 
 
Իսկ այժմ փորձենք հասկանալ թե ում ձեռքերում է Տավուշի մարզը: Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկերոջ՝ Վահե Ղալումյանի ձեռքերում է՝ փաստ է, սակայն ինչպե՞ս է այդ պաշտոնում իրեն դրսևորում վարչապետի ֆավորիտը: Օրինակ, օրերս կայացած ներդրումային համաժողովի ավարտին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտարարեց, որ ինքը կապի մեջ է լինելու եւ «հայրական օջախի ծուխը ծխացնող կրտսեր եղբոր իրավունքով մի քիչ էլ պահանջելու է» ծագումով տավուշցի գործարարներից: 2016-ին գրեթե նմանատիպ մի հայտարարություն էր արել Տնտեսական զարգացման և ներդրումների այն ժամանակվա նախարար Սուրեն Կարայանը, ով խոստանում էր ամեն ինչ անել տավուշցի և հատկապես ռուսասատանաբնակ տավուշցի գործարարների համար: Սակայն գործարարները չհամեցան Հայաստան, և դժվար է ասել՝ կհամենա՞ն արդյոք այսօր, քանի որ Տավուշում, ըստ էության, փոխվել է միայն իշխանությունը, իսկ ներդրումային միջավայրը պայմանավորված նաև աշխարհաքաղաքական գործոններով՝ նույնն է: Հետևաբար, գործարար խավին դիմելուց առաջ՝ ցանկալի է առնվազն անել այն, ինչ կախված է մեզնից՝ տվյալ միջավայրն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Դեռևս տեսնում ենք միայն «էստի համացեք»-ներ:
 
Շարունակելի…
 
 
Ս.Խաչատրյան