«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, եւ արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ: 

Չարաշահումների հիմնական պատասխանատուն, բնականաբար, նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն է: Վերջինս փորձել է համայնքային միջոցները ծառայեցնել իր եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է՝ 2017-2018 թվականներին Հրազդանի քաղաքապետարանը համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների համար «Դանիել-Ա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 26.5 մլն դրամի չափով սեղմված գազ, իսկ 2018 թվականին` 32 մլն 240 հազար դրամի չափով: Իսկ «Դանիել-Ա» ընկերության հիմնադիրը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, Անաստաս Դանիելյանն է` Հրազդանի նախկին քաղաքապետի եղբայրը:

 

Սա բացահայտումների մի մասն է միայն: Թե ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը, արդյոք դրանց կապակցությամբ քրեական գործեր կհարուցվեն ու նախկին համայնքապետը պատասխանատվության կենթարկվի, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Դանիելյանը մշտապես քաղաքապետ է դարձել կեղծված, կասկածելի ընտրությունների արդյունքում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: