Թունիսը պատրաստ է 2020թ-ին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը: Հոկտեմբերի 12-ին Ֆանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Թունիսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Խեմայս Ժինաուին:

«Թունիսը պատրաստ է հյուրընկալել իր եղբայրներին, ֆրանկոֆոնիայի կազմակերպության ընտանիքին: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: 50 տարեկանը կարևոր ու չափահաս տարիք է, և այս գագաթնաժողովը կարտացոլի մեր կազմակերպության հասունությունը: Պատրաստ ենք համագործակցել նորընտիր գլխավոր քարտուղարի հետ՝ Թունիսի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց արտաքին գործերի նախարարը:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ջերմ հյուրընկալության, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարած աշխատանքի համար՝ նաև հաջողություն մաղթելով նորընտիր գլխավոր քարտուղարին:

«Ցանկանում եմ առիթից օգտվել, ևս մեկ անգամ հանրային կերպով հայտնել իմ շնորհավորանքը նորընտիր քարտուղարին ու մեծագույն հաջողություն մաղթել: Ցանկանում եմ նաև Թունիսի անունից մեր ջերմ շնորհակալությունը հայտնել տիկին Միկայել Ժանին, իր կատարած աշխատանքի համար: Ցանկանում ենք նրան մեծագույն հաջողություն ու երջանկություն»,- հավելեց Խեմայս Ժինաուին: