Գորիսի և Աշտարակի ներկայիս հանրապետական քաղաքապետերը դեռևս անցած տարվա ՏԻՄ ընտրություններից հետո համարվեցին ՀՀԿ «նոր ոգու» կրողներ և, ըստ էության, հենց այս երիտասարդների միջոցով պետք է սկիզբ առներ ՀՀԿ ռեբրենդինգը մարզերում: Սակայն, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». Հայաստանում տեղի ունեցած օբյեկտիվ փոփոխությունները հետին պլան մղեցին նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից: Հանրապետական այս երկու երիտասարդները նույնպես բացառություն չէին:
 
Ինչո՞վ է զբաղված ՀՀԿ երբեմնի հույսը վերջին հինգ ամիսների ընթացքում: Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ըստ որոշ տեղեկությունների, այնքան էլ չի հարմարվել Նոր Հայաստանի իրողություններին: Մասնավորապես, քաղաքապետի աթոռը մեկ օր ավել պահելու համար վերջինս դիմում է ՀՀԿ ողջ արսենալին՝ ապօրինություններից մինչև սպառնալիքներ: Խոսքը, մասնավորապես, առանց քվորումի ավագանու նիստ գումարելու մասին է: Այդ մասին ահազանգել էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Ըստ էության, Շահվերդյանը փորձում է ճնշում բանեցնել և բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում այն աշխատակիցների և քաղաքացիների նկատմամբ, ովքեր հանդգնում են հակառակվել քաղաքապետարանում տիրող ապօրինություններին: Ինչ խոսք, եթե այսպես էր ՀՀԿ-ն պատրաստվում նոր ոգի հաղորդել իր շարքերին, ապա թավշյա հեղափոխությունն անչափ տեղին էր…
 
Ինչ վերաբերվում է Գորիսի անչափ ամբիցիոզ քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ըստ որոշ շրջանառվող լուրերի, նա այստեղ-այնտեղ հպարտանում է՝ ասելով, թե գործարար հայրը կարողացել է «վերևների» հետ լեզու գտնել եւ ամրապնդել իր դիրքերը քաղաքապետի պաշտոնում: «Վերևների դաբրոն» քաղաքապետին նոր հնարավորություններ է տվել՝ շարժվել այնպես, ինչպես սիրտն է ուզում,  եւ նա փորձեր է անում ազատվելու նրանցից, ովքեր նախկին իշխանությունների հետ որևէ կերպ առնչվում են: Եթե այդ լուրերը ճշմարիտ են, ապա հասկանալի է դառնում, թե ինչու է վերջին շրջանում Առուշանյանը պասիվացել. Գորիսի քաղաքապետարանի նորություններ բաժինը հիշեցնում է ՀԱՕԿ-ի կայքը՝ լողորդների և ֆուտբոլիստների հաջողությունների մասին նորությունները գերազանցում են Առուշանյանի հաջողությունների մասին տեղեկություններին: Մյուս կողմից եթե այդ տեղեկությունները ճիշտ են, ապա ստացվում է՝ Առուշանյանը դավաճանում է ՀՀԿ հին և նոր ոգիներին՝ պաշտոնը պահպանելու համար, ինչը, ըստ ամենայնի, նրան չի հաջողվի: Փաշինյանը չի թաքցրել, որ ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո կադրային լրջագույն փոփոխությունները հասնելու են մարզեր...