Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորության մասին հարցին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ դե յուրե գործերը համարվում են ավարտված: «Հայաստանի օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է երևան եկած նոր հանգամանք: Սա է խնդիրը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին՝ չկա՞ երևան եկած նոր հանգամանք, Փաշինյանը դժվարացավ պատասխանել. «Ես այս պահին չեմ կարող ասել: Կարծում եմ, որ այդ հարցով տուժողի իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք ավելի լավ են ծանոթ գործին»:

Հարցին՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ արտաքին միջամտություն տեսնո՞ւմ է, Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում այդ հարցով մեկնաբանություն անի: