Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար մարզիկ, ծանրամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հասարակական և պետական գործիչ Յուրի Վարդանյանի մահվան մասին:

Յուրի Վարդանյանի նվաճած սպորտային բարձունքները հիացմունքի և ոգեշնչման աղբյուր են եղել համայն հայության համար: Նրա օրինակին հետևելով' բազմաթիվ հայ եիտասարդներ մեծ սպորտին նվիրվելու որոշում են կայացրել: Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու և նրա հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն եմ ունեցել:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, մարզական մեծ ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին և նրա բազմահազար երկրպագուներին»: