Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2019 թ-ի բյուջեում տաքսիստներին վերաբերող փոփոխությունները: Վարչապետը խոստանում է, որ Հայաստանում անհատ տաքսիստները կազատվեն արտոնագրային վճարներից: Նրա խոսքով` փորձագիտական մակարդակով Հայաստանում այսօր այդ գործունեության մեջ 50 000 մարդ է ներգրավված: Փաշինյանն ասաց, որ թիվը հստակ չէ, քանի որ, որքան էլ տարօրինակ է, անհատ տաքսիստների հստակ հաշվառում մեր երկրում չկա: Իրականում շատ լավ կլիներ նախ և առաջ պարզել հստակ թիվը՝ ինչը օբյեկտիվ պատճառներով շատ բարդ խնդիր է:
 
Պետք է նաև նշել, որ վարչապետի հայտարարությունը փոքր- ինչ տարակուսելի է, այն պատճառով, որ խնդրի վերաբերյալ պատկան մարմինների պաշտոնական մեկնաբանությունից պարզ է դառնում, որ նախկինում էլ վարորդները որևէ հարկ չէին վճարում, միայն ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ բաժնի 15.6-րդ կետի՝ սահմանված են պետական տուրքի դրույքաչափ՝ ամսական 12 000 դրամ, որը, սակայն, ըստ որոշ տվյալների, չի վճարվում վարորդների կողմից, քանի որ վերահսկող մարմինը՝ Տրանսպորտային տեսչությունը, լուծարվել է։ Դրական միտումը, թերևս, այն է, որ նախագծում որևէ նոր հարկատեսակ չի ավելանում:
 
Իրականում արդեն ստիպված ենք ուրախանալ միայն այն առիթով, որ հարկային բեռը չի ավելանում . մինչդեռ հասարակության սպասումները, ինչ խոսք, ավելին են: Եվ այդ սպասումները արդարացնելու համար կառավարությունը պետք է հնարավորություն գտնի, ի վերջո, հարկային ամնիստիա, կամ նվազագույնը հարկային արձակուրդ հայտարարելու համար: Բիզնեսը Հայաստանում և Հայաստանից դուրս սպասում է առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը, դրանով է պայմանավորված նաև ներդրումների ծավալի կտրուկ նվազումը: Այդ ամենն ունի օբյեյկտիվ պատճառ և լուծման հստակ ուղիներ: Մնում է հեղափոխության ձեռքբերումները ընտրություններում ինստիտուցիոնալացնելուց հետո Փաշինյանի կաբինետը ձեռնամուխ լինի նաև նման՝ գործնական ազդեցություն ունեցող քայլերի: Ի գործ պարոնայք, ի գործ...
 
Ս.Խաչատրյան