Մեկ օր է՝ ՀՀ-ում քարոզչական մթնոլորտ է: Մինչ ընտրապայքարի մեկնարկը կանխատեսելի էր, որ ընտրարշավը ծրագրերի ու գաղափարների մրցակցության փոխարեն տուրք է տալու սենսացիաներին ու սկանդալներին: Նախօրեին ապացույցը տվեց ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանը: Ընտրարշավի առաջին օրը, «Սասուն» ջոկատի հրամանատարը, որն ուզում է դառնալ ԵԿՄ նախագահ՝ Թալինում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ ժողովրդի հաղթանակն է և այդ հաղթանակը արցախյան հաղթանակից կարևոր քայլ էր:

Միանգամից առաջանում է մի քանի հարց' կամ Սասունը փորձում է ինքն իրենից խելոք լինել, ինչը նրա պարագայում անհնար է, կամ' չի հասկացել' ինչ է ասում: Երրորդ տարբերակն է, որ նա երազում է տարբերվել բոլորից: Որևէ բացատրություն նրա անհեթեթ հայտարարությունը չունի: Դա դեմարշ է ոչ թե նախկին իշխանությունների, այլ' Եռաբլուրի դեմ, ու Սասուն Միքայելյանին մնում է միայն ներողություն խնդրել իր հերթական զառանցանքի համար:
Զարմանալին Միքայելյանի իրար հաջորդող անհեթությունները չեն, զարմանալին Հայաստանում պաշտոնական մակարդակով զնգացող լռությունն է նրա հայտարարություններին, մանավանդ, որ սոցցանցերը վայրկենական արձագանքեցին: Փաստացի' առաջինը նրան պաշտոնապես արձագանքեց Արցախը:

Գյումրիում Սասուն Միքայելյանը փորձեց խմբագրել իր խոսքը՝ բացատրելով, որ իրեն այլ կերպ են հասկացել, քանի որ ինքը նկատի է ունեցել բացառապես այլ բան: Ունենք մի իրողություն, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչը, չնայած այն հանգամանքին, որ պատերազմի մասնակից է, ավելին՝ ջոկատի հայտնի հրամանատար, նման մեկնաբանություն է անում՝ քաղաքական գործընթացը կարևորելով ազգային հաղթանակից: Հետաքրքրականն այն է, որ այս միտքը բավականին բուռն ընկալվեց հանրության գրեթե բոլոր շերտերի կողմից:

Հիմա ներկայացնենք, թե ինչ էր ցանկանում ասել Միքայելյանը. նախ, դա իրականում կարող է՝ տեղի է ունեցել ընդամենը պատահաբար՝ մարդն ուղղակի էյֆորիայի մեջ չի գիտակցել խոսքերի իրական դասավորությունը և ձևակերպել է անհաջող միտք, ինչ խոսք՝ սա հնարավոր տարբերակ է և, թերևս, ներելի: Սակայն այստեղ կա նաև քողարկված տարբերակ. տրամաբանական է նաև այն, որ ֆիդայի Սասունի միջոցով իշխանությունները հանրությանն ուղղակի փորձում են «կերցնել» իրենց ցանկալի թեզեր և սրա տակ Արցախում առաջիկայում սպասվող գործողությունների պլան է թաքնված:

Չցանկանալով գուշակություններով զբաղվել՝ նշեմ, որ նախօրեին փաստացի հնչած միտքն ամբողջությամբ «փակել» էր մեդիադաշտը և դարձել թիրախ, ինչ խոսք՝ սա իշխանությունների ռեյտինգին որոշակի հարված էր, որն արդեն երեկոյան իր «լայվի» միջոցով փորձեց որոշակի մեղմել վարչապետը՝ քանիցս ներողություններ խնդրելով:

Աղասի Առաքելյան