Լուրեր են շրջանառվում, թե աշխատանքից ազատվել է Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի  հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը։

Նա միայն հորդորեց տեղեկությունների համար այցելել Արցախի Հանրապետության նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ«Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»,- ասաց Բաբայանը:

Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին նաև, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից, ինչի արդյունքում նրան կփոխարինի բանակի գլխավոր շտաբի պետ Կարեն Աբրահամյանը:

Նկատենք, որ այս տեղեկության տարածումից ընդամենը ժամեր առաջ Արցախի հերոս, ԱՀ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր Լևոն Մնացականյանի լուսանկարը և գրել․ «Ռազմավարության և մարտավարության տեսանկյունից հայոց Զինված Ուժերի ամենապատրաստ և գրագետ գեներալը»։ Ի դեպ, մեկնաբանություններում շատերը ափսոսանք էին հայտնում Մնացականյանի ազատման համար։ 

Ըստ մամուլի որոշ հրապարակումների, կադրային փոփոխությունները կապված են Սասուն Միքայելյանի հայտարարություններին արձագանքելով ու Փաշինյանի զայրույթին արժանանալով։ Նույն այդ լուրերի համաձայն՝ չի բացառվում, որ հրաժարական տա նաև ԱՀ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը:

Սոնա Հարությունյան