«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որն այժմ մարտի 1-ի գործով մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՌԴ քաղաքացի է: Հատուկ քննչական ծառայությունն օրերս ՌԴ-ից ստացել է այդ մասին հավաստող պաշտոնական գրություն:

Միաժամանակ, ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Սա, համաձայնեք, շատ կարեւոր է, որովհետեւ Հարությունյանը ժամանակին լրջագույն պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում. 1994-2007թթ. նա եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, 2007 ապրիլից 2008թ. ապրիլը՝ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետեւ մինչեւ 2018թ.` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

Եթե ճիշտ են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել դեռ 2002 թվականից, պետք է արձանագրենք, որ գործ ունենք հերթական խայտառակության հետ: Օտարերկրյա քաղաքացին նշանակվել է պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Այնպես որ, կարեւոր է պարզել՝ երբ է Հարությունյանը հաջողացրել ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, արդյոք այն ժամանակվա իշանությունները, նաեւ իրավապահ համակարգը տեղյակ են եղել այս ամենից:

Բացի այդ, անհրաժեշտ է պարզել՝ իրավական առումով այն ժամանակ արդյոք թույլատրված էր օտարերկրյա պետության քաղաքացուն այնպիսի պաշտոնի նշանակելը, որն առնչվում է ՀՀ պետական, ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ: Այնպես որ, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նոր քրեական գործի հարուցումը: Պարզապես, ամեն ինչ կախված է ՌԴ ուղարկված լրացուցիչ հարցման պատասխաններից:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: