Ստամբուլում՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց ինչպես ամեն տարի, այսօր՝ հունվարի 19-ին ևս տեղի է ունենում միջոցառում՝ ի հիշատակ 2007 թվականին այդ նույն վայրում պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության:

Մեծ թվով մարդիկ հավաքվել են այն նույն վայրում, որտեղ 12 տարի առաջ սպանվել է պոլսահայ մտավորականը: Ինչպես ամեն տարի, այսօր ևս բոլորը ցույցի են դուրս եկել պաստառներով, որոնց վրա գրված է. «Չենք հրաժարվի, ախպարիկ», «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս Դինք ենք»: Միջոցառման մասնակիցների թվում է նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով լուսանկար է հրապարակել և գրել է. «Չենք հրաժարվի, ախպարիկ»:

Դինքի սպանության տարելիցին «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որում ասվում է. «Չենք մոռացել «երեխայից մարդասպան դարձնող խավարը, այս երկրի խաղաղության համար քո պայքարի ժամանակ քեզ թիկունքից հարվածողներին ու այդ պարդասպաններին պաշտպանողներին: Քո հիշատակն ապրեցնելու ենք մեր պայքարի մեջ»:

Հրանտ Դինքի սպանության օրը միջոցառումներ են կազմակերպվելու Թուրքիայի մյուս քաղաքներում, ինչպես նաև Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Բելգիայում: 

Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ: