Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցից մեկ օր առաջ' հունվարի 18-ից արդեն Թուրքիայում սկսվել էին հիշատակի արարողությունները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Չանաքքալեում «Հրանտի ընկերներ» անվանումով հանդես եկող մի խումբ լռելյայն հարգել է Դինքի հիշատակը:

 

Շուրջ 40 հոգուց բաղկացած խումբը պաստառներ է պահել «Ցեղասպանություն», «Արդարություն», «1915», «Խիղճ», «Հիշողություն», «Հրանտ ախպարիկ (եղբայր)» գրություններով: Մասնակիցները պաստառներով տասը րոպե անձայն կանգնել են, ինչից հետո տեղի աշտարակի դռան մոտ թողել են Դինքի լուսանկարը, կարմիր մեխակներ և իրենց պաստառները:

 

Նմանատիպ լուռ ակցիա է տեղի ունեցել նաև Ստամբուլի «Զուբեյդե հանըմ» մշակութային կենտրոնի հարևանությամբ: Թուրքական esgazete.com կայքի հաղորդմամբ, մասնակիցները հիշեցրել են, որ նախկինում այդ մշակութային կենտրոնի տեղում եղել է հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը խլվել է քաղաքային իշխանությունների կողմից: Ներկաները պահել են տարբեր գրություններով պաստառներ, ինչպես նաև Դինքի լուսանկարները:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: