Պոլսահայ մտավորական, Ստաբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին հիշատակի արարողություն է տեղի ունեցել Շվեդիայում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Haberler.com-ը:

 

Ստոկհոլմում հիշատակի արարողությունը կազմակերպվել է շվեդական Pen ակումբի, տեղի հայկական ֆեդերացիայի, ինչպես նաև Շվեդիայի լրագրողների արհմիության կողմից: Մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Դինքի հիշատակը: Ներկաները փաստել են, որ մինչ օրս Թուրքիայում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության համար պատժվում են, բանտ են նետվում:

 

Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Դավիթ Մանուկյանը, ով ևս ներկա է գտնվել արարողությանը, ներկաներին հիշեցրել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին, մի ոճրագործություն, որին զոհ են գնացել միլիոնավոր հայեր:

 

Մասնակցիները հիշել են նաև, որ Դինքը մահվանից մեկ ամիս առաջ, ժամանելով Ստոկհոլմ, «Մամուլի և խոսքի ազատությունը» թեմայով ելույթ էր ունեցել Շվեդիայի խորհրդարանում: