Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի քայլերթ է իրականացրել Ստամբուլի Շիշլի թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկ ացնում է «Ակոս» պարբերականը:
Ինչպես նախկին դեպքերում, այնպես էլ այս անգամ մասնակիցները Էրգենեքոնի անվան պողոտայի ցուցանակի վրա փակցրել են Հրանտ Դինք անունը: Նրանք ավելի վաղ ստորագրահավաք էին սկսել պողոտայի անվանափոխման համար, որը տևելու է մինչև ապրիլի 24-ը:
Ներկաները քայլերթի ժամանակ պաստառներ են պահել հետևյալ գրությամբ. «Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ»: Նրանք հանդես են եկել այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են. «Քուրդ, թուրք, հայ. կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ընդդեմ ֆաշիզմին' իմ եղբայրն ես, Հրանտ», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անունից խոսքով հանդես եկող Խունավ Ալթունը հիշեցրել է, որ Դինքի մահվան ութերորդ տարելիցը միաժամանակ նաև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն է: Նա արձանագրել է, որ այս ութ տարիների ընթացքում Դինքին թիրախավորած անձինք խոչընդոտել են սպանության գործով արդար հարցաքննության ու դատավարության անցկացումը, նրանք, ովքեր աչք են փակել հանցագործության վրա, շարունակել են իրենց պաշտոնավարումը, պարգևատրվել են, պաշտոնի բարձրացում են ունեցել, դարձել են նահանգապետ, պատգամավոր, նախարար:
«Ցեղասպանությունը շարունակվում է… Հրանտին կորցնելուց հետո բոլոր նրանք, ովքեր ասացին, թե իբր զինվորական ծառայության ժամանակ հայ լինելու պատճառով սպանված Սևակ Բալըքչըն կատակի արդյունքում արձակված կրակոցից է մահացել, իսկ Սամաթիայում սեփական տանը սպանված Մարիցա Քյուչուքը սովորական գողության հետևանքով է սպանվել, ցանկանում են իրականությունն էլ սպանել: Հայոց ցեղասպանության վերջին օղակները հանդիսացող Հրանտի, Սևակի և Մարիցայի համար արդարություն ենք պահանջում: Մենք լույս ենք վառում այն խավարի մեջ, որտեղ երեխաներից մարդասպաններ են սարքում»,- նշել է Խունավ Ալթունը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկաներին կոչ է արել հունվարի 19-ին մասնակցել «Ակոս»-ի խմբագրատան առջև նախատեսվող երթին:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: