Ֆրանսիական երգիծական «Շարլի Հեբդո» ամսագրի վերջին համարի «Ջումհուրիեթ» պարբերականում հրատարակումն առաջացրել է մի խումբ թուրքերի զայրույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demkrathaber.net-ը, թուրքերը սկսել են իրենց սպառնալիքներն ուղղել ամսագրի խմբագրակազմին:

 

Թուրքական պարբերականի լրագրող Ալիջան Ուլուդաղը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հունվարի 14-ից սկսած հարյուրավոր սպառնալիք պարունակող հեռախոսազանգեր են ստացել:

 

«Շարլի Հեդբո»-ի' թուրքերենով հրատարակումից հետո «Թվիթեր»-ում մի խումբ թուրքեր արշավ են նախաձեռնել, որը կրում է հետևյալ կարգախոսը. «Իմ երկրում «Շարլի Հեբդո» չի կարող տարածվել»: Հետաքրքիր է, որ օգտատերերից մեկն առաջարկել է Հրանտ Դինքի նման սպանել նաև «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագրին: «Մեկ հատ Օգյուն Սամասթ չկա՞, որ «Ջումհուրիեթ» պարբերականի վրա ռումբ նետի և սպանի գլխավոր խմբագրին»,- գրել է նա:

 

2007 թվականի հունվարի 19-ին անչափահաս թուրք ազգայնական Օգյուն Սամասթը հետևից արձակած երեք կրակոցներով սպանեց հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին:

 

Հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo­ի խմբագրության վրա կատարված հարձակման հետևանքով տասներկու մարդ է մահացել, այդ թվում' 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել է: Ահաբեկիչներին հաջողվել էր փախուստի դիմել և թաքնվել, հետագայում նրանք ոչնչացվեցին: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: