Կենդանիները մարդկանց բարեկամներն են, իսկ ընտանի կենդանիները` տան անդամները: Չնայած նրան, որ չկա որևէ ստույգ վիճակագրական տվյալ, թե մայրաքաղաքի բնակչության քանի տոկոսն է պահում տնային կենդանիներ, սակայն փաստ է, որ վերջին տասնամյակում անհամեմատ շատացել են տանը չորքոտանի բարեկամներ նախընտրողները, որոնց համար Երևանի քաղաքապետարանը «անակնկալ է» պատրաստել` տնային կենդանիների համար սահմանելով օրացուցային տարվա համար տեղական տուրք: 

Հարկ է նկատել, որ ընտանի կենդանիների համար տուրք վճարելու մասին օրենքն ընդունվել է դեռևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այս տարիներին մերթ ընդ մերթ քաղաքապետարանի կողմից բարձրացվում էր ընտանի կենդանիների համար տուրք վճարելու հարցը, որին կտրականապես դեմ են արտահայտվել, թե՛ կենդանիների պաշտպանները, թե՛ կենդանասերները, քանզի չի եղել որևէ հստակ պարզաբանում, թե այդ գումարը ինչու պետք է վճարեն և դրա դիմաց ինչ են ստանալու, եղել են նույնիսկ ստորագրահավաքներ ընդդեմ նմանաբնույթ օրենքների։

Այսօր արդեն որոշումից հետո բողոքի ալիք է բարձրացվել, որոշ քաղաքացիներ էլ, որոնք ունեն ընտանի կենդանիներ, ծանուցագրեր են ստացել` վճարելու օրենքով սահմանված 5000 դրամ տուրքը:

Թեմայի շրջանակներում ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Փրո Փոուզ»-ի բրիտանական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, որը նկատեց՝ Հայաստանում տնային կենդանիների խնդիրներից առաջանայինը դրանց հաշվառված և քարտեզագրված չլինելն է. «Հայաստանում ստույգ վիճակագրական  տվյալներ չկան, որևէ տեսակի կենդանու հաշվառում և քարտեզագրում չկա, իսկ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտը չի կարող կարգավորվել առանց հաշվառման և քարտեզագրման: Ուստի մեր պահանջն է եղել կենդանիների բացարձակ գրանցումը, և դրանցից որոշակի տեսակները պետք է անպայման ընկնեն հարկման դաշտ»:

Արամյանը նշեց, որ 2019 թվականի համար նպատակահարմար չեն գտնում տուրքեր սահմանելը, քանի որ առաջնայինը կենդանիների գրանցումը պետք է լինի, որից հետո առանձնացվելու է առանձին տեսակների բազմացման հետ կապված արտոնագրման խնդիրները: «Ենթադրում ենք, որ առաջնային խնդիրները շատ ավելի են, քան 5000 դրամի հետ կապված խնդիրը, որն օրենքով դեռևս ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և որտեղ բազմաթիվ թերություններ կան»:

Ըստ Արամյանի` կենդանիների հաշվառման խնդիրն ամենահեշտ լուծվողներից է. «Մարդահամարի սկզբունքով  պետք է դա արվի, այսինքն համատիրությունների միջոցով.։ Յուրաքանչյուր համատիրության լիազորները, որոնք տեղյակ են հոսանքի, ջրի և այլ հարցերի մասին, նույն սկզբունքով պետք է պարզեն այդ թիվը, կատարեն գրանցում`  առանձին, օբյեկտիվ տվյալներով` կենդանատեսակ, տարիք, սեռ և այլն, և դա, հնարավոր է, շատ արագ և կարճ ժամկետներում կազմակերպել»։ 

Ինչ վերաբերվում է ընտանի կենդանինիների համար վճարվող տուրքերին, Արամյանը նկատեց՝ դրանք ինչպես զարգացած շատ այլ երկրներում՝ Հայաստանում ևս պետք է ուղղված լինեն կենդանու բարեկեցության ռազմավարական  ծրագրերին, առաջին հերթին թափառող կենդանիների և բնակչության համար. «Այսինքն, ընտանի կենդանի պահող բնակչության համար հատուկ հարմարություններ և առաջին հերթին զբոսանքի վայրեր ստեղծելու ուղղությամբ պետք է մտածել: Այսպիսինն է ռազմավարությունը, բայց, այնուամենայնիվ, մինչ այդ տրամաբանության կիրառումը, գտնում ենք, որ ճանապարհներ կան անցնելու»:

Տնային կենդանիներին տուրք վճարելու օրենքի մասին իր տեսակետն ունի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը մեզ հետ զրույցում մեկնաբանելով տեղական տուրքերի մասին օրենքը, նշեց. «Օրենքը նախատեսում է, որ նման տուրքի տեսակ կարող է լինել: Տարոն  Մրագարյանի օրոք, քանի որ օրենքով նախատեսված է այդ տուրքի տեսակը և հնարավոր չէ բյուջեում չարտացոլել, դրույքաչափ հաստատվեց, որը սահմանում էր 0 դրամ, և բյուջեում արտացոլվում էր` տեղական տուրք շների գծով՝ զրո դրամ»:

Սիրունյանի կարծիքով, տնային կենդանիների համար տուրք վճարելու օրենքը գրելուց «արտագրել» են առավել զարգացած երկրներից, սակայն այս դեպքում չկա կոնկրետ պարզաբանում, թե մարդկանցից ինչու է գանձվում գումարը. «Տեղական տուրքը վճար է, որը քաղաքացին վճարում է համայնքի կողմից իրեն մատուցվող ծառայությունների դիմաց: Սրա ծառայությունը ո՞րն է: Մարդուց գանձում են շան, կատվի փողոցում մարդկանց նեղություն տալու տուրքը, գազոնի վրա կեղտոտելու տուրքը: Եթե այդ գումարը ծառայեցնելու են իմ շան կեղտոտածը մաքրելուն, կամ այն ուղղելու են անտուն կենդանիների պահմանը, ես կտամ իմ շան` «Բուֆֆոնի» համար, եթե իմանամ` կանեն, կտամ, բայց իմ վրա գույքահարկ դնել` չունենալով անտուն կենդանիների կացարան, բացի այդ մինչև հիմա կենդանիների գլխաքանակի հարցը լուծում են սատկացնելով (Չնայած՝ ասում էին՝ նման բան էլ չի լինելու), այդ դեպքում չեմ պատրաստվում վճարել»:

Փաստաբանը նաև իր աջակցությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք կստանան թաղապետարանից ծանուցումներ կենդանիների համար տուրք վճարելու մասին, քանի որ ինչպես նա է նշում` այդտեղ իրավաբանական բազմաթիվ խնդիրներ կան. «Եվրադատարանն ասում է, եթե մի բան իրավաբանություն է, պետք է լինի իրավական որոշակիության սահմանների մեջ: Պետք է մարդուն բացատրել` որն է ընտանի կենդանին, ինչու են այդ տուրքն իրենից գանձում: Օրենքում ասվում է` ընտանի կենդանին մարդու կողմից ընտելացված կենդանին է, բայց իմ հարևանն արդեն 30 տարի է խավարասերների հետ է ապրում և ընտելացել է, հիմա դրա համար պե՞տք է տուրք վճարի»,- ամփոփելով կես կատակ կես լուրջ ասաց Սիրունյանը:

Արմինե Արմենակյան