«Մեզ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ասացին, որ վարչապետի դեմ դուրս գալ չեն կարող և որ մեր հարցերն ինքներս պետք է լուծենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ին այս մասին փոխանցեցին փողոցային մի շարք առևտրականներ, որոնց քաղաքապետարանն արգելել է ազատ վաճառք իրականացնել մայթերին: Նրանք պնդում են, որ մի քանի շաբաթ է՝ առևտուր չեն կարողանում անել, քանի որ քաղաքապետարանի և, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոստիկանության հետ միասին արգելել են որևէ բան վաճառել փողոցում, ինչը օրինական է:

Սակայն առևտրականներից՝ Արմինե Թարփոշյանը նշում է, որ ստվերային կապ կա քաղաքապետարանի, քաղաքապետարանի և որոշ առևտրականների միջև, որոնք մինչ օրս էլ շքամուտքերում մրգերով և ձկներով լի արկղերի առաջ ազատ վաճառք են իրականացնում. «Մենք ամեն օր զանգում ենք թե՛ քաղաքապետարան, և թե՛ թաղապետարան, սակայն մեզ վրա գոռում են ու ասում, որ իրենց գործն է, թե ովքեր վաճառք կիրականացնեն, ովքեր՝ ոչ, ասում են, որ իրենց անձնական խնդիրներին չխառնվենք: Քիչ առաջ էլ թաղապետարանի Ալիկի հետ էի խոսում, ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ցուցակ են ստացել, թե ում կարող են թույլ տալ ազատ վաճառք իրականացնել, մենք էդ թուղթն ենք պահանջում, որ տեսնենք՝ ովքեր են դրանց շարքում, ու մենք ինչի չկանք: Մեզ ասում են՝ գնացեք Սովետաշենի զիբիլանոցի մոտ կանգնեք-վաճառեք. ձեռք են առնում: Բայց ոնց հասկանում ենք՝ եթե էսպես շարունակվի՝ մենք սովածությունից Սովետաշենից ուտելիք ենք հայթայթելու: Մեզանից մի քանիսն արդեն խոսել են Ռուսատանում մեր բարեկամների հետ, առաջիկայում հնարավոր է՝ արտագաղթենք ընտանիքներով: Փաշինյանը բոլորիս խաբեց ու երկիրը լրիվ բռնապետություն սարքեց»,- ասում է Արմինե Թարփոշյանը: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման բաժնի ավագ մասնագետ Էդուարդ Ամիրավյանի հետ, որը հերքեց առևտրականների կողմից արված հայտարարությունները. «Այդ ամենը սուտ է, չկա նման բան, մենք խնդրին հետևողական ենք լինում և տաղավարների հարցի կարգավորմամբ ենք զբաղվում»,-ասաց Ամիրավյանը և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ խոստանալով երեքշաբթի օրն ավելի մանրամասն խոսել թեմայի վերաբերյալ:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պատասխանատու Ալեքսան Արևշատյանի հետ՝ (Նույն ինքը՝ Ալիկ, ինչպես և նշել էինք վերևում,-խմբ.) պարզելու, թե ինչ ստվերային համագործակցության, ինչպես նաև Մարությանի կողմից ներկայացված ցուցակի մասին են ահազանգում փողոցային առևտրականները, Արևշատյանը «հերյուրանքներ» որակեց դրանք և նշեց, որ «24 ժամ պայքարում են փողոցային առևտրի դեմ՝ առանց բացառությունների»:

Անդրադառնալով վաճառականների այն պնդումներին, թե ծայրամասերում են միայն տաղավարներ տրամադրում, Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պատասխանատուն նկատեց. «Մենք զրուցել ենք Կենտրոնի շուկայի տնօրենի հետ, ընդհանուր համաձայնության ենք եկել, սակայն նրանք չեն ուզում տաղավարներում և շուկաներում առևտուր անել, նրանց համար ծառերի տակ ու մայթերին աշխատելն ավելի լավ է: Սակայն այդպես չի լինում ու ամեն տեղ էլ տաղավար չենք կարող տեղադրել, քանի որ պետք է մայթերի լայնությունը, տեղանքը, միջոցները համապատասխանեն տաղավարների չափանիշներին»:  Ալեքսան Արևշատյանը, իբրև իրենց գործին ապացույց, մեզ փոխանցեց լուսանկարներ, որտեղ, իր խոսքով, երևում է, թե ինչպես է առևտրականը սայլակով միրգը դրսում վաճառում, և թե ինչպես են նրանք կարճ ժամանակահատվածում տիկնոջը տարածքից հեռացնում՝ ազատելով փողոցը (լուսանկարները կարող եք տեսնել ստորև):

Մեր այն դիտարկմանը, թե անընդհատ հաղորդագրություններ են տարածում, թե իբրև ձկան՝ մասնավորապես՝ սիգի  փողոցային վաճառքը վերացվել է, սակայն ամեն օր դրանց վաճառքի ականատեսն ենք լինում կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում, Արևշատյանը շտապեց պատասխանել, որ ամենօրյա և արտաժամյա աշխատանքների միջոցով հնարավորինս կանխում են ձկնեղենի ապօրինի վաճառքը:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ