Կառավարության ծրագիրը (2019) ոչ միայն կենացների ժողովածու է (ստորև կցված է առողջապահության մեկ էջանոց ծրագիրը), այլև այն հանդիսանում է նախորդ իշխանությունների ներկայացրած ծրագրերի պլագիատ ու կոնսպեկտ։

Ինչպես և նախորդները, այնպես էլ այս կառավարությունը տեսնում է առողջապահական համակարգի միայն մեկ կողմը` բացարձակապես անտեսելով բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պայմանների, աշխատավարձերի տրամադրման և այլ կարևոր հարցեր։

Մինչդեռ, այսօր բուժաշխատողները և ուսուցիչները ամենաքարկոծված ու ամենաանպաշտպան խավն են Հայաստանի Հանրապետությունում։

Յուրաքանչյուր նոր կառավարություն իր պարտքն է համարում բուժաշխատողներին ու ուսուցիչներին ներկայացնել որպես ամենակոռումպացված, ամենակեղտոտ ու ազգի թշնամու կարգավիճակում` միաժամանակ չմոռանալով սեփական քարտուղարուհիներին ու սուրճ դնողներին մի լավ պարգևատրել։

Եթե մենք ցանկանում ենք (իսկ մենք ցանկանում ենք) ունենալ առողջ ու աշխատող առողջապահական համակարգ, զերծ ստվերային գումարների շրջանառությունից, ապա մենք առաջին հերթին պետք է բարձր գնահատենք բուժաշխատողների կատարած անձնվեր աշխատանքը` պահպանելով հարցի և՛ ֆինանսական, և՛ բարոյական կողմը։

Ձայնագրիչը գրպաններում թաքցրած բուժաշխատողների հետևից ընկնելով, բժշկի անվանը «կաշառակեր» պիտակը կպցնելով` ստեղծում եք մի իրավիճակ, որում բուժաշխատողները հիասթափվում և արտագաղթում են մեր երկրից։

Դեռ ավելին, նախընտրական շրջանում կազմակերպած ժողովի ընթացքում Թորոսյան & Co PR-կազմակերպությունը հավաստիացրել էր, որ բուժհիմնարկների հետ պետ.պատվերի պայմանագրերը կնքվելու են դեկտեմբեր ամսին, որպեսզի նոր տարվա ընթացքում հստակ լինի բժշկական ծառայությունների մատուցման ծավալը բժշկական հաստատությունների կողմից, և բուժհիմնարկները հնարավորություն ունենան ժամանակին և պատշաճ կերպով աշխատավարձեր վճարելու համար։

Մինչդեռ, արդեն փետրվար ամիսն է մոտենում ավարտին, սակայն, շատ բուժհաստատություններ սպասում են պայմանագրերի կնքմանը։ Ինչպես ինձ տեղեկացրեցին առողջապահության գործակալությունից և նախարարությունից` սպասում են նախարարության աշխատակցի ստորագրությանը (վերջին զանգս եղել է 25.02.2019թ-ին ժամը 13:00-ին)։

Չմոռանամ նշել, որ առողջապահության գործակալությունն ու նախարարությունը շարունակում են աշխատել ՀՀԿ-ոճով` իրար վրա գցելով մեղքը` հավանաբար քողարկելու համար նախարարի «մերկ» լինելու փաստը։

Իհարկե, նախարարության կողմից գովազդվող ոչ մի ֆեյք-ծրագիր հնարավոր չէ իրագործել, քանի-որ պետական բյուջեն ոչ թե ծակ է, այլ հատակ չունի։ Ունենալով շուրջ 7 մլրդ դոլար արտաքին պետական պարտք, շուրջ 1 մլրդ դոլար բյուջեի դեֆիցիտ, շուրջ 400 մլն դոլար պարտքի սպասարկման պարտավորություն` պետական միջոցները խնայելու և խելքով ծախսելու փոխարեն` ներկայիս կառավարությունը մսխում է հանրային խղճուկ միջոցները։

Միևնույն ժամանակ մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ առողջապահական համակարգը տանում են դեպի մոնոպոլիզացիա` ընտրյալ կլինիկաներին տրամադրելով ճոխ պետ.պատվեր` խիստ սահմանափակելով ՀՀ քաղաքացու` իր բժշկին ու բուժհիմնակը ընտրելու իրավունքը, և ուղղորդելով նրան դեպի կոնկրետ հիվանդանոցներ։

Մենք պետք է թույլ չտանք առողջապահական ոլորտի մենաշնորհացում։

 Սակայն, ես առավել կարևորում և առաջնահերթ եմ համարում բուժաշխատողների բոլոր տեսակի իրավունքների պաշտպանության հարցը (աշխատանքային պայմաններ, աշխատավարձ, պարտականությունների կոնկրետացում, պատասխանատվության ենթարկում բուժաշխատողին վիրավորող, հարվածող, սպանող անձանց և այլն)։

 Եվ թող քարտուղարուհիները սպասեն ….

(и пусть весь мир подождет …)

Մարինա Խաչատրյան

Քաղաքական գործիչ

Բժիշկ-նեյրովի