Ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչները կրկին ուզում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Ռուզան Մխիթարյանն ասաց, որ 27 տարի է դուրս են եկել գյուղից առանց որևէ բանի ու մինչև օրս իրենց խնդիրը չի լուծվում։

Արծվաշենցիները հոկտեմբեր ամսին ևս հանդիպել էին Փաշինյանի հետ, սակայն ինչպես նշեց մեր զրուցակիցը ոչինչ չփոխվեց․ «Մեզ հուսադրեց, բայց ոչ մի բան չարեց։ Մի քանի օր առաջ վարչապետի հանձնարարականով տարածքային կառավարման նախարար Պապիկյանի մոտ էինք գնացել։ Հինգ հոգուց 3-իս ընդհանրապես չթողեցին բարձրանալ, երկուսին թույլ տվեցին, բայց այնպիսի մերժողական պատասխան էին տվել, որից չափից շատ վիրավորվել ենք։ Ոչ միայն լուծում չեն տալիս, այլև վիրավորական են պատասխանում մեզ։ Ասում են՝ «արծվաշենցիներին ոչ մի կոպեկ կանխիկ գումար չենք տա, 360 000 դրամ երբ տվել ենք այդ վայրկյանից պետությունն իր պարտավորություններն ավարտված է համարում։ Ներդրումներ կանենք, բայց ձեզ կանխիկ գումար չենք տա»։ Եթե նախկին իշխանությունները նորմալ հանդիպել էին մեզ հետ, խոսում էին, կտրուկ չէին պատասխանում, սրանք ընդհանրապես չեն ուզում խոսել մեզ հետ»,- ներկա իշխանություններից դժգոհություն հայտնեց Ռուզան Մխիթարյանը։ 

Նա նշեց՝ հույսները կորցրել են ներկա իշխանությունից և պատրաստվում ենք այլ միջոցների դիմել․ «Որոշում ենք՝ ինչ ծրագրեր մտածենք, որ կարողանանք պայքարել»,- ասաց նա։

Նշենք՝ մոտ 3000 արծվաշենցի ժամերի ընթացքում տարհանվել է գյուղից։ Նրանք մշտապես հայտարարել են, որ 1992թ. ի վեր գույքային փոխհատուցման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն և 1 անգամ 708 մլն դրամի չափով: Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ կառավարության նախորդ տարիների որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրվել է: Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը և պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:

Սոնա Հարությունյան